Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Twitter-ում նման գրառում է կատարել Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի միջև կայացած հանդիպմանը:
«Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը», – նշում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:
«Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որին Լյուքսեմբուրգը կնպաստի, և որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է», – գրված է հայտարարությունում:
Փետրվարի 22-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: