Առաջին թեստը ՀՀ-ում ԵՄ դիտորդների համար. Ինչպես կարձագանքի ԵՄ-ն ապատեղեկատվությանն ու սադրանքներին
Փետրվարի 20-ից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես իրենց առաքելությունը սկսեցին ԵՄ դիտորդները, որից ժամեր անց ապատեղեկատվություն և սադրանքներ արձանագրվեցին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախյան շփման գծում:
Ռուսական խաղաղապահ զորախումբը փետրվարի 21-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում արձանագրեց: Այս մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ չհստակեցնելով, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Ըստ տեղեկագրի՝ տուժածներ չկան։ ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել էին նաև, որ տեղի ունեցածի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
Արցախի Պաշտպանության բանակն էլ իր հերթին՝ տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միաժամանակ, Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը Շուշիի, Մարտունու և Քելբաջարի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության վերաբերյալ:
Զուգահեռաբար՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Լաչինի միջանցքի արգելափակման ամիսների ընթացքում ոչ հայ-ադրբեջանական սահմանին, ոչ Արցախյան շփման գծում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և վերջին օրերի այս հաղորդագրությունները վերջին ամիսների ընթացքում առաջինն են:
Սադրանքների նման փուլերն անընդհատ ուղեկցում են Հայաստանին ու Արցախին, և սովորաբար ապատեղեկատվությունների, սադրանքների շարքով Ադրբեջանը փորձում է որոշ խնդիրներ լուծել: Այստեղ հարկ է նաև նշել, որ սա տեղի է ունենում Փաշինյան-Բլինքեն-Ալիև մյունխենյան խոսակցությունից հետո: Սակայն ավելի հավանական է կարծել, որ ԵՄ դիտորդների տեղակայման հաջորդ օրը կազմակերպված այս սադրանքը՝ մեկտեղված ապատեղեկատվությամբ, նպատակ ունի ստուգել ԵՄ դիտորդների արձագանքման ունակությունները:
Ինչպես հայտնի է, ռուսական կողմը չի ողջունում իր դաշնակից Հայաստանի Հանրապետությունում ԵՄ տեղակայման փորձերը: Բացի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից, ՌԴ ԱԳՆ պաշտոնական մի քանի հաղորդագրություններից, հունվարին թեմային անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով. «Չնայած մենք դաշնակիցներ ենք, և չնայած այս առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, այն կարող է ապակառուցողական լինել։ Պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով խնդիրների ողջ բարդությունը, որոնք ծագում են մեր յուրաքանչյուր պետության զարգացման շրջանակներում»:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Հարավային Կովկասում, չնայած Ռուսաստանի ռազմաքաղաքական ուշադրության պակասին, գործում է որոշակի աշխարհաքաղաքական բալանս, որի խախտումը, այդ թվում՝ ԵՄ դիտորդների արդեն երկարաժամկետ մուտքը տարածաշրջան, ենթադրում է անկայունության որոշակի փուլ կամ փոփոխության փուլ:
Նրա խոսքով, դա բնական է, քանի որ գտնվում ենք աշխարհաքաղաքական սուր մրցակցության փուլում, իսկ Հարավային Կովկասում կա փխրուն անվտանգային իրավիճակ, ինչպես նաև բարդ աշխարհաքաղաքական հարաբերությունների ու ազդեցությունների համակարգ:
«Դավադրություններ փնտրելու կարիք ամենևին էլ չկա: Երբ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է, որ դիտորդների տեղակայումը կարող է արդյունավետ չլինել, հենց սա նկատի ունի, հատկապես, երբ Ադրբեջանը, թեև դա ՀՀ տարածքում է, բայց դեմ է այդ առաքելության երկարաձգմանը: Իսկ դեմ դիրքորոշումն ինչ-որ բան նշանակում է հատկապես մի երկրի դեպքում, որը չարաշահում է ռեգիոնում ուժի գործոնը: Եվ չի բացառվում, որ սադրանքներն ունեն ուղիղ առնչություն դիտորդական առաքելության գործունեության հետ: Եվ սա ըստ էության թեստ է, թե ինչպես իրեն կդրսևորի՝ որպես ռեգիոնում ներկայություն ունեցող ուժ, եվրոպական կողմը, ինչ գործիքներ ունի զսպելու կամ գոնե ազդելու իրավիճակի վրա, ինչպիսի հայտարարություններ և կամ արձագանքներ կլինեն ԵՄ պաշտոնյաների կողմից: Սա սպասելի իրավիճակ է, և միայն սուր արձագանքը կարող է զսպող դերակատարություն ունենալ, իսկ Ադրբեջանը հստակ գիտի, թե որ երկիրն ինչպես կարող է արձագանքել, այդ թվում՝ ԵՄ-ն, ու հստակ հասկանում է: Այնուամենայնիվ, սա փորձնական միջադեպ էր, որի արձագանքից շատ բան կախված կլինի: Եթե լինի հստակ արձագանք, իրավիճակը մի փոքր այլ կարող է լինել»,- ասաց վերլուծաբանը:
Նա նաև գտնում է, որ սա ցույց է տալիս նաև, որ ԵՄ դիտորդական առաքելության համար խնդիրներ են ստեղծվելու: «Այլ է իրավիճակը, երբ նրանք տեղակայվեցին սահմանափակ՝ երկու ամիս ժամկետով, այլ է, երբ տեղակայվում են երկու տարի ժամկետով՝ խախտելով, փոխելով ռեգիոնի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Եվ այս մասով ռուսական կանխատեսումը ճիշտ է, ռեգիոնալ որևէ երկրի, բացի Հայաստանից, չի գոհացնում այլ՝ նոր ուժերի մուտքը տարածաշրջան: Տարածաշրջանային բոլոր երկրները հակված են զարգացնել համագործակցությունը տարածաշրջանային ու մի քանի արտատարածաշրջանային ուժերի միջև՝ առավելապես «3+3» ձևաչափով, և այդ գիծն ավելի արտահայտիչ կդառնա ուկրաինական հատուկ օպերացիայի ավարտից հետո»,- ասաց նա: