Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը

Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները:

Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

«Խաղաղության եռակողմ բանակցությունները, որոնք սկսվեցին 2021 թվականին՝  Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, կարծես թե, այս պահին կանգ են առել: Խրախուսելի զարգացումներ եղան: Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանաք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

Լյուքսեմբուրգը նաև աջակցում է ԵՄ երկարաժամկետ առաքելության հաստատմանը Հայաստանում: Ըստ Ժան Ասելբորնի՝ դա կամրապնդի ԵՄ-ի հետ հարաբերությունները, առաքելությունը կարող է կարևոր դեռ խաղալ, նվազեցնել միջադեպերի թիվը, բնակչության համար ռիսկերը:

«Այս առաքելության մեկնարկը կարող է կարևորագույն տարր հանդիսանալ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի և հարաբերությունները նորմալացման համար: Լյուքսեմբուրգն ակտիվ կլինի, մենք նույնպես անդամ ունենք առաքելությունում»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա կարևորեց նաև 2021 թվականի մարտին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա հնարավորություն կտա համագործակցել ավելի շատ ոլորտներում, այդ թվում ՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի: «Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Հուսով եմ, որ կշարունակեք այս ժողովրդավարական ուղին»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս