«Արցախի ղեկավարությունը, մասնավորապես՝ Արցախի նախագահը պետք է ցույց տա, որ ինքն ունակ է ինքնուրույն որոշում կայացնելու». Հակոբ Հակոբյան
Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ շուտով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժեշտ է տալու պաշտոնին։ Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում հայտարարելու է Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու մասին։ Մամուլը նաև գրել էր, որ Արցախի իշխանությունը գտել է Վարդանյանին փոխարինողին. Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է։ Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր լուրը, ասելով, որ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել։
Նշենք, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր Ռուբեն Վարդանյանին զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը, Ադրբեջանից՝ Ալիևի մակարդակով, սկսեցին հնչել քննադատություններ, դժգոհություն էին արտահայտում Ռուբեն Վարդանյանի նշանակման վերաբերյալ, հրապարակվում էին գործարարին վարկաբեկող հոդվածներ։ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնը պաշտոնապես ստանձնեց նոյեմբերի 4-ին։
Եթե Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, հետևաբար՝ այդ դեպքում ո՞րը պետք է լինի ընդդիմության անելիքը։ Ըստ իրավիճակի, արդյո՞ք ընդդիմությունն ունի մշակված սցենար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը պատասխանելով մեր հարցերին, նախ ասաց, որ քանի դեռ պաշտոնական որևէ բան չկա, հստակ մեկնաբանություն չի կարող տալ շրջանառվող լուրերին, որոնք թեկուզ որոշ առումով մոտ կարող են լինել իրականությանը։
«Քանի դեռ պաշտոնական հայտարարություն չկա Արցախի պետնախարարի փոփոխության վերաբերյալ, կարծում եմ՝ պետք չէ այդ հարցի շուրջ խոսել։ Եվ առհասարակ՝ Արցախի ղեկավարությունը, մասնավորապես՝ Արցախի նախագահը պետք է ցույց տա, որ ինքն ունակ է ինքնուրույն որոշում կայացնելու։ Նախագահն իրավունք ունի այս կամ այն անձին որևէ պաշտոնի նշանակել, սակայն, եթե որևէ երկրի պահանջով, առավել ևս՝ թշնամի երկրի պահանջով, այդ անձին պաշտոնանկ է անում, ապա սա ոչ միայն տվյալ երկրի ընդդիմության, այլև ողջ հասարակության համար անընդունելի երևույթ է։
Եթե, իհարկե, կա նման որոշում, ըստ որի՝ պետք է պետնախարարի փոփոխություն կատարվի, ապա Արցախի նախագահը պետք է բացատրի ու հիմնավորի իր կայացրած որոշումը»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, Հակոբ Հակոբյանը փոխանցեց, որ ընդդիմությունը բոլոր իրավիճակների համար իր սցենարը ոչ թե հիմա է մշակում, այլ խորհրդարանում հայտնվելուց ի վեր ունի սեփական ծրագիրը։
«Այդ ծրագիրն էլ ավելի ակտուալ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, այն բոլոր երևույթները, անձինք, որոնք խոչընդոտելու են մեր 35 տարիների պայքարին, ընդդիմության համար անընդունելի են։ Եվ ամեն ինչ արվելու է, որպեսզի ոչ ոք չկարողանա այդ պայքարին խանգարել»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։