Ալեն Սիմոնյանն ու Չան Հոջինը կարևորել են Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Արեւելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը:
Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձեւաչափով կարեւորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:
Զրույց է ծավալվել Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը:
Այս համատեքստում կարեւորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում:
Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից եւ արցախահայության շրջափակումից` ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը: