
Գավառի պետական դրամատիկական թատրոնը և ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միությունը համատեղ բեմադրություն են պատրաստում

Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը եւ ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը համատեղ բեմադրում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» եւ «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ներկայացումն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարանի, ֆրանսիական պետական կառույցների՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ռոն-Ալպեր տարածաշրջանի, Իզերի Դեպարտամենտի, Լիոնի Մետրոպոլի, ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։
Ներկայացումը բաղկացած է 7 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, դավաճանության, սպասման, ծնողական սիրո ու կորստի, հույսի ու նրա բացակայության մասին։
Ներկայացման բեմադրությունը եւ երաժշտական ձևավորումն իրականացրել է ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության համահիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը։
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 21-ին, 22-ին եւ 23-ին։ Ներկայացման մեջ հանդես կգան նաեւ Գավառի Լ․Քալանթարի անվան եւ Գյումրու դրամատիկական թատրոնների երիտասարդ դերասանները։