Բանաստեղծ, պատերազմի մասնակից Դավիթ Մշեցուն արգելել են լքել երկիրը, համայնքը՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով
Արդեն տևական ժամանակ է՝ բանաստեղծ, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին դատական գործընթացների մեջ է։ Պատճառը 2022 թվականի ապրիլի 22-ին ֆեյսբուքյան էջում նրա կատարած գրառումն է։
«Իմ դեմ քրեական գործ են հարուցել, որ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ «Նիկոլին սատկացնելն ամեն հայի սրբազան պարտքը պետք է լինի»։ Սա համարել են՝ որպես բռնության կոչ, ահաբեկչության դրդում, հրահրում և այլն։ Իրականում բոլորի համար էլ հասկանալի է, սա ընդամենը պատրվակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մշեցին։
Այս պահին Դավիթ Մշեցին երկրից ու իր համայնքից դուրս գալու արգելքի տակ է։
«Հենց առաջին օրվանից դրեցին երկրից դուրս գալու արգելանք, այդ թվում՝ նաև իմ համայնքից, բայց իրենք են հիմար, հո ես էլ հիմա՞ր չեմ։ Այստեղ տրամաբանություն էլ չկա, համայնքը խոշորացված է՝ Զովունի, Քասաղ, Պռոշյան, Եղվարդ, եթե ես հանրայնորեն վտանգավոր մարդ եմ ու, ասենք, կարող եմ ահաբեկչություն կատարեմ՝ ծիծաղելի է ստացվում, այսինքն՝ այս խոշորացված համայնքի մարդկանց նկատմամբ կարող եմ ահաբեկչություն իրականացնել, բայց երբ այստեղից դուրս եմ գալիս, մայրուղին անցնում եմ ու մտնում 16-րդ թաղամաս, այնտեղի մարդկանց արդեն ահաբեկել չեմ կարող։ Երևի հաշվարկն այնպես են արել, որ այս կողմերի վրա Նիկոլը չի երևալու։ Եթե այսքան ծիծաղելի չլիներ՝ լացելու կլիներ։
Իմ դեմ քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա ապրիլից, հետո գործն ուղարկել են քննչական, այնուհետև ինչ-որ քննիչ է փոխվել։ Դատական փնթիություն է տիրում, հասցեն տալիս ես, ծանուցումներն ուղարկում են 8-9 տարբեր հասցեներով, դրա հետևանքով դատական պրոցեսը 1-2 ամսով հետաձգվում է։ Այսինքն՝ դատական գործընթացը, որն արդեն մի տարի ընթանում է, մոտավորապես 6 ամիսն իրենց դատական փնթիությունների արդյունքն է»,- նշեց բանաստեղծը։
Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործով նախատեսված հոդվածը ենթադրում է բաց կալանք, տուգանքն էլ կարող է լինել այն դեպքում, երբ դատարանի միջոցով ներողություն խնդրի, ինչն այս դեպքում բացառում է։
«Նախատեսված հոդվածը ենթադրում է 2 ամսից մինչև 1 տարի բաց կալանք։ Ստացվում է, որ ես արդեն մեկ տարի այս ամենի մեջ եմ, հիմա կարող են վճիռ կայացնեն ու մեկ տարի բաց կալանք տան, արդյունքում՝ կստացվի, որ երկու տարի այդ վիճակում եմ։
Ես էությամբ այն մարդը չեմ, որ ինձ վրա կարող է ինչ-որ բան ազդել, 15 տարվա ընթացքում չի եղել ամիս, որ ես նման բաների մեջ չլինեմ, անկախ այն հանգամանքից, թե ով է եղել իշխանության։ Սա որևէ կերպ չի ազդում իմ արտահայտվելու, առավել ևս՝ իմ ստեղծագործելու վրա։ Ապրում եմ այնպես, ինչպես ապրել եմ, ու գրում եմ այն, ինչ գրել եմ։ Այնպես չէր, որ սա ինձ համար անսպասելի մի բան էր։ Այս գործը հարուցելուց ուղիղ մեկ տարի առաջ գրել էի, որ մաքսիմում մեկ տարուց, սա, իհարկե, այն ժամանակ բոլորին ծիծաղելի էր թվում, բոլոր այն մարդկանց, որոնք սրանց ճանաչում են, գիտեն՝ որտեղից են եկել և ուր են գնալու, այդ մարդկանց ցուցակները կա, և նրանց հերթով տանելու են։ Ինչպես եղավ Ցեղասպանության ժամանակ՝ հայ մտավորականության նկատմամբ, 1937 թվականին, սա չի քննարկվում, հստակ ցուցակներով կա»,- եզրափակեց Դավիթ Մշեցին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին վրեժի կոչ էր անում, որպեսզի վրեժ լուծեն նախկին թալանչիներից։
«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, քաղաքացու վրեժի ժամանակը։ Ես Հայաստանի արժանապատիվ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, մենք գնալու ենք դրանց հետևից, այսօրվա դեբոշորների հետևից ու իրենց շեֆերի հետևից։ Ես մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու, մեր ասելիքը ասելու և շատ կոնկրետ անելիք անելու մասին։ կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դատապարտում են այսօրվա դեբոշը, հրապարակային արտահայտվեն, մի վախեցեք, ժողովուրդ ջան, հրապարակային արտահայտվեք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք եք այս երկրում տերը»։
Օրեր անց Հանրապետության հրապարակում տեղադրվեց մեծ էկրան, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կրկին ատելության խոսք էին հնչեցնում։ Սակայն այս ամենին այդպես էլ որևէ իրավական ընթաց չտրվեց։ Ստացվում է, որ այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, չի կարելի, Նիկոլ Փաշինյանի բնորոշած՝ 3 մլն վարչապետներից և ոչ մեկին։