Ադրբեջանն առանց նախապայման պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջմղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։
Նախարար Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը: