Բաժիններ՝

Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին

Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ: Մենք աջակցում ենք նրանց հնարավորինս շուտ անդամակցությանը դաշինքին… Նրանց զինված ուժերն առանց ձգձգումների փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ: Մենք վստահ ենք, որ շուտով կողջունենք այս երկու երկրներին դաշինքում: Երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի», – հայտարարել է Բլինքենն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացված մամուլի ասուլիսում։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում Է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվության հետ կապված Անկարայի անհանգստությունը և աշխատելու է այդ ուղղությամբ։ Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժերի հետևանքները վերացնելու գործում այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին տեղեկացրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունն առանձին քննարկելու պատրաստակամության մասին:

«Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Ստոլտենբերգին հայտնել Է, որ մենք կարող Էինք այլ դիրքորոշում ունենալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նկատմամբ», – ասել է թուրք դիվանագետը։

Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան անցած մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել դաշինքին միանալու վերաբերյալ։

Սկզբում Թուրքիան արգելափակել Է այս հայտերի քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս