ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը Թայվանում է

ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ Թայվան են ժամանել հնգօրյա այցով և մտադիր են հանդիպել տեղական իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այցը տեղի է ունենում ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների պայմաններում:

Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը կղզի է ժամանել փետրվարի 19-ին։ Պատվիրակության կազմում են Ռո Քհանան, Թոնի Գոնզալեսը, Ջեյք Օչինքլոսը և Ջոնաթան Ջեքսոնը՝ Կալիֆորնիայի, Տեխասի, Մասաչուսեթսի և Իլինոյսի նահանգներից: Այցի ընթացքում նախատեսվում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հանդիպում Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինվենի, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության անդամներն արդեն հանդիպում են ունեցել Թայվանի կիսահաղորդիչներ արտադրող ընկերության (Taiwan Semiconductor Manufacturing Company – TSMC) հիմնադիր Մորիս Չանգի և Օրենսդրական Յուանի (խորհրդարանի) նախագահ Յու Սիկունի հետ: Քհանան նշել է, որ այցը նպատակ չունի սադրել Չինաստանին, այլ արտահայտում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը, որը մեծ կարևորություն է հատկացնում Թայվանի հետ հարաբերություններին և միևնույն ժամանակ նպատակամիտված Է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Financial Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը փետրվարի 17-ին այցելել է Թայվան: Պենտագոնում չեն մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ Թայվանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման այցի մասին տեղեկություն չունեն։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի են լարվել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պեկինին մեղադրեց ԱՄՆ-ի տարածք լրտեսական օդապարիկ ուղարկելու մեջ, որն այնուհետև խոցվեց ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: Այս միջադեպի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկեց իր այցը Պեկին:

Տեսանյութեր

Լրահոս