Պատրաստ ենք շարունակել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած նահատակների սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար. Արցախի ԱԺ հայտարարությունը
Արցախի հանրապետության ազգային ժողովը արցախահայության ազգային – ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն է տարածել:
«35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով:
1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային զարթոնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը:
1988 թվականի փետրվարի 20-ի անկյունաքարային նշանակության որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման գործընթացը:
35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին:
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը:
ՊԱՅՔԱՐԸ պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը»,- նշված է հայտարարության մեջ:
Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:
«Դիմում են Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:
Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ՝ լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին»,- եզրափակվում է հայտարարությունը: