Էկոնոմիկայի նախարարի ահազանգը
Կառավարությունը մեծ գումարներ է ծախսում պետական բյուջեից, բայց այդպես էլ չի կարողանում նորմալ պայմաններ ապահովել գյուղատնտեսության զարգացման համար։ Միշտ մի աղետ, մի վնաս անպակաս է լինում։
Խոսքն ամենևին էլ բնական աղետների մասին չէ։
Գարնան նախաշեմին, երբ շուտով մեկնարկելու են գյուղատնտեսական աշխատանքները, հիմա էլ գյուղացին կանգնած է դիզվառելիքի թանկացման խնդրի առաջ։ Իբր դիզվառելիքը քիչ թանկ է, սպասվում է նոր թանկացում։
«Լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետև ուժի մեջ են մտել նավթամթերքին առնչվող՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Եթե կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում դիզվառելիքի գինը կաճի»,- ահազանգում է էկոնոմիկայի նախարարը։
Վերջին 2 տարիներին դիզվառելիքի գինը Հայաստանում արդեն իսկ հասցրել է կտրուկ թանկանալ՝ էական ազդեցություն թողնելով գյուղմթերքների գների վրա։
Այս տարվա սկզբին էլ դիզելի գինը բավական բարձր է մնում։ Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թանկ է առնվազն 11 տոկոսով։
Բայց 11 տոկոսը շատ քիչ բան է ասում դիզվառելիքի շուկայում տեղի ունեցած թանկացման մասին, որովհետև անցած տարվա հունվարին էլ, 2021թ. հունվարի նկատմամբ դիզելի գինը բարձրացել էր ավելի քան 44 տոկոսով։
Դժվար չէ պատկերացնել, թե ընդամենը 2 տարվա ընթացքում գյուղացին որքան ավել գումար է վճարում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար վառելիքի ձեռքբերման վրա։ Եթե նախկինների ժամանակ կառավարությունը գյուղացուն օգնելու և ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով սուբսիդավորում էր վառելիքի մատակարարումը, այս իշխանությունները եկան ու սուբսիդավորումը կտրեցին։ Համարեցին, որ դա էլ շատ է գյուղացու համար։
Վերջին տարիներին վառելիքի սուբսիդավորում չի իրականացվում։ Փոխարենը՝ սուբսիդավորեցին վարկերը ու գյուղացուն դրեցին վարկային ծանր բեռի տակ։
Այսօր բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ ճռռում են վարկերի տակ։
Միայն վարկերի սուբսիդավորման արդյունքում վերջին տարիներին հավելյալ 214-215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա։
Տարիներ պահանջվեց հասկանալու համար, որ վարկերի սուբսիդավորումը չի լուծում գյուղացու ու գյուղատնտեսության խնդիրները։
Անցած տարի որոշեցին դրանից էլ հրաժարվել՝ խոստովանելով, որ ձախողել են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, չեն կարողացել արդյունավետ վերահսկողություն իրականացնել։
Չնայած արդեն հասցրել էին միայն այդ ծրագրի վրա պետական բյուջեից ավելի քան 23 մլրդ դրամ վատնել։ Այլ ծրագրերով՝ ավելի շատ։ Արդյունքն էլ ի՞նչ է, ոչինչ։
Չորս տարի գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել, երբեմն՝ նաև բավական կտրուկ։
Այդքան անկումներից հետո անցած տարվա նախնական արդյունքներով, 0,4 տոկոսանոց աճ են գրել, բայց դեռ հարց է, թե այդ աճից առաջիկայում ինչ կմնա։
2020թ. էլ նախնական տվյալներով, գյուղատնտեսությանը ոչ շատ՝ 1,4 տոկոսանոց աճ էին վերագրել։ Հետո պարզվեց, որ ոչ միայն աճ չի եղել, այլև 4 տոկոս անկում ենք ունեցել։
Այս իրավիճակի մեղավորը ոչ թե բնական աղետներն են ու եղանակային անբարենպաստ պայմանները, որից գյուղատնտեսությունը ոչ մի ժամանակ ապահովագրված չէ, այլ իշխանությունները, որոնք գլուխ չեն հանում գյուղատնտեսությունից։ Անցած տարի դադարեցրին վարկերի սուբսիդավորումը, փոխարենը՝ ոչինչ չառաջարկեցին դիզվառելիքի գների սուբսիդավորման առումով։ Այս տարի էլ դեռ հայտնի չէ, թե ինչ են մտածում։
Այս տարի դիզվառելիքն ավելի թանկ է, քան անցած տարի։ Առաջիկայում դեռ սպասվում է նոր թանկացում, որը պատճառաբանում են Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։
Դիզելի հիմնական մասը, ինչպես հայտնի է, Հայաստանը ներկրում է Ռուսաստանից։ Ընդ որում, արտոնյալ պայմաններով, առանց արտահանման տուրքի։
Սա այն շատ քիչ ապրանքներից է, որը տեղափոխվում է երկաթուղով։ Ճանապարհի մի հատվածն էլ իրականացվում է լաստանավով՝ Փոթի նավահանգստի միջոցով։
Ռուսական նավթամթերքների առաքման հետ կապված նոր սանկցիաները հանգեցրել են նրան, որ խնդիրներ են առաջացել լաստանավով Հայաստան ռուսական նավթամթերք տեղափոխելու առումով։ Փոթի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերությունը ենթարկվում է այդ սանկցիաներին ու մտադիր չէ այն շրջանցել։ Մեկ տարի է՝ իշխանությունները բանակցում են Վրաստանի իշխանությունների, նավահանգիստը շահագործող օպերատորի հետ, փորձում են լաստանավ ձեռք բերել ու լաստանավային փոխադրումներ կազմակերպել, բայց գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Սկզբից հուլիս էին ասում՝ որպես մեկնարկի ժամկետ, հետո տեղափոխեցին օգոստոս, ապա՝ տարեվերջ, բայց լաստանավային փոխադրումներն այդպես էլ չմեկնարկեցին։
Բոլորովին վերջերս էլ հայտարարեցին, թե բանակցությունների վերջնական փուլում ենք վրացի գործընկերների ու Փոթիի նավահանգստի օպերատորի հետ։
«Իմ կարծիքով՝ մենք բավականին մոտ ենք լաստանավային հաղորդակցության գործարկմանը»,- անցած տարվա վերջին հուսադրում էր էկոնոմիկայի փոխնախարարներից մեկը: Բայց այդ հայտարարությունն էլ, ինչպես նախարարի բազմաթիվ նման հավաստիացումները, մնացին օդում կախված։ Հիմա արդեն էկոնոմիկայի նախարարը խոստովանում է, որ դժվար է պատկերացնել, թե երբ Հայաստանի լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա։
Լաստանավային փոխադրումները չհաջողվեց գործարկել, իսկ Լարսի անցակետում խնդիրների պակաս չկար։ Վերջին օրերին էլ այն փակվեց ձյան առատ տեղումների հետևանքով ու կրկին բեռնափոխադրողներին կանգնեցրեց փաստի առաջ։
Ձյան տեղումներին վաղը հաջորդելու են գարնանային վարարումներն ու հեղեղումները։ Այդպիսի իրավիճակներում հույս կար, որ լաստանավային փոխադրումները կարող են որոշ չափով թեթևացնել իրավիճակը, բայց դա էլ չհաջողեցին։ Ու հիմա կանգնած ենք նաև Ռուսաստանից վառելիքը Փոթի նավահանգստով Հայաստան հասցնելու խնդրի առաջ։
Կգտնվե՞ն այլ տարբերակներ, թե՞ ոչ, դժվար է ասել։
«Մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի, Ռուսաստանի և մյուս բոլոր երկրների մեր գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի՝ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։ Բայց նախորդ շրջանի նրա բազմաթիվ հայտարարությունները վկայում են, թե սովորաբար դրանք որքանով են իրականանում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ