Դամասկոսը ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ կբացի հումանիտար օգնության համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Երկրաշարժից տուժած Սիրիայի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ բացել մարդասիրական օգնություն ներկրելու համար:
«Ես ողջունում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այսօրվա որոշումը նախնական երեք ամսով Թուրքիայից դեպի հյուսիս-արևմտյան Սիրիա տանող Բաբ ալ-Սալամ և Ալ Ռայե երկու անցակետերը բացելու վերաբերյալ», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դա թույլ կտա օպերատիվ կերպով տեղ հասցնել հումանիտար օգնությունը։ Մինչև այժմ թուրք-սիրիական սահմանին գործել Է միայն մեկ նման անցակետ: Ավելի վաղ Սիրիայի և Թուրքիայի միջև լրացուցիչ անցակետեր բացելու օգտին հանդես էր եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ:
Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700: