Ռուսաստան-Արևմուտք առճակատումն արդեն Հայաստանում է. Թևան Պողոսյան
Մոսկվայում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի. «Այն մարդիկ, որ ցանկանում են Եվրամիությունն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ԵՄ առաքելության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին Վոլոդինի այս զգուշացումը ի՞նչ է նշանակում, արդյո՞ք թվարկված երկրների ճակատագիրը սպառնում է նաև Հայաստանին:
«Սա այն մասին է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է իր շահերի գոտի, ԵՄ-ն էլ փորձում է Ռուսաստանի դեմ պայքարել: Ամեն ինչ կախված է մեզանից. Այստեղ Սիրիա էլ կարող է լինել, Ասորեստանի վիճակ էլ կարող է լինել: Ռուսաստան-Արևմուտք առճակատումն արդեն Հայաստանում է՝ դեռ դիվանագիտական իմաստով, վաղը-մյուս օրը տնտեսական կարող է լինել: Նույն այդ առճակատման շրջանակում Ադրբեջանը կարողացավ իր քաղաքականությամբ հասնել նրան, որ բոլորն իմանալով, որ դա ռուսական գազն է, ոչ թե ադրբեջանական, բայց քանի որ դա տաքացնում է իրենց, աշխատում է: Ամբողջ աշխարհը գիտի, հաշիվները փոխանցվում են, բայց տեսեք՝ շահերի դաշտը: Եթե վաղը Հայաստանում էլ որևէ գիտնական մի գյուտ անի, որն ավելի կարևոր է, քան նավթը, հաջորդ օրը մեզ մոտ կսկսեն համագործակցել»,- ի պատասխան՝ ասաց Թևան Պողոսյանը:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հիմա Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, նա արձագանքեց. «Նախ՝ թող զեկույցները նայեն՝ կիմանան, երկրորդ՝ բրենդի իմաստով այդ երևույթը ոչ մի արժեք չունի, երբևէ չի ունեցել միջպետական հարաբերություններում, ավելի շատ ունեցել է փաստաթղթային ձևակերպումների վրա: Միջպետական հարաբերությունները միշտ հիմնված են շահերի վրա: Ժողովրդավարություն ասելով՝ արժեքային դաշտ ենք մտնում, իսկ արժեքային դաշտն ի՞նչ են անելու, գրպա՞նն են դնելու»:
Թևան Պողոսյանի խոսքով՝ աշխարհը պատերազմի մեջ է և տեղեկատվությունը նույն զինատեսակն է, ինչ, օրինակ՝ «Իսկանդերը»:
Նա շեշտեց՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար Արևմուտքին պետք է, որ Արցախի հարցը փակվի. «Այդ քաղաքականության հիմքում Արցախի հարցն է, որտեղ այսօր և՛ Հայաստանի գործող իշխանությունների, և՛ այս տարածաշրջանում քաղաքականություն իրագործել փորձող բոլոր երկրների շահերը համընկել են:
Մեկին պետք է, որ Արցախը պահի, որպեսզի իր զորքը մնա, և դա պետք է անի՝ կարգավիճակ չճանաչելով. Ի՞նչ է նշանակում՝ կարգավիճակը թողնել ապագային, բարդ հարց է, ինչու վրաց-աբխազականը բարդ հարց չէ՞ր: Արևմուտքն էլ իրավունքներից է խոսում, դա իրենց ոճն է: Կոսովոյի դեպքում դա չգիտեի՞ն: Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում:
Մեզ ի՞նչ է պետք, որ Հայաստանը լինի: Ես գիտեմ ամենակարևոր մոտեցումը՝ կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Հայաստանը եթե պետք է գոյություն ունենա և լինի, հայ ազգը պետք է Արցախը պահը: Պետք է նախաձեռնել Արցախի անկախության ճանաչումը: Ասում են՝ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, այդ դեպքում ինչպե՞ս են խորհուրդ տալիս ժողովրդավար Արցախին՝ բանակցել ավտորիտար Ադրբեջանի հետ: Դա ժողովրդավարական մոտեցո՞ւմ է: Այդպես լիներ, Ամերիկան կասեր՝ Կոսովո, գնա Սերբիայի հետ ոնց ուզում ես՝ բանակցիր: Եթե դա արժեք է, հենց վաղը պետք է նախաձեռնել Արցախի անկախության ճանաչումը, որը խաղաքարտի փոփոխություն է և շանս է բացելու մեզ համար»:
Նա ընդգծեց՝ Հայաստանը ձախողված պետություն է. «Մեզ պետք է 1988-ի նման շարժում, երբ պետական ինստիտուտները մերը չէին, ուրիշինն էին, բայց կար ազգային վերածննդի ոգին: Այդպիսի շարժում պետք է ձևավորվի: Ինքս միշտ ասել եմ՝ երևի Արցախից է դա սկսվելու, բայց կարող է վաղը Կապանից կամ Գյումրիից սկսել: Ես չգիտեմ, թե Մոնթե Մելքոնյանի կամ Լեոնիդ Ազգալդյանի նման մեր հաջորդ հերոսն այսօր աշխարհի որ փողոցով է քայլում»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում