Տնտեսության ու բյուջեի լարվածությունը մեծացել է

Գրեթե երկու ամիս ձգվող շրջափակման հետևանքով Արցախում բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Հումանիտար ու սոցիալականին զուգահեռ՝ մեծացել է ճնշումը տնտեսության ու բյուջեի եկամուտների վրա։

Անցած տարի, չնայած շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին, այնուհանդերձ հաջողվեց հիմնականում ապահովել նախատեսված ցուցանիշները։

Խոսքը հատկապես բյուջեի հարկային եկամուտների մասին է։ Դրանք նույնիսկ գերակատարվեցին։

Պլանավորված 45 մլրդ դրամի փոխարեն՝ Արցախի բյուջեի հարկային եկամուտներն ու պետտուրքերը կազմեցին ավելի քան 46,7 միլիարդ։ Բայց այս տարի արդեն խնդիրներն ակնհայտ են դառնում։ Հունվարին արձանագրվել է բյուջեի հարկային եկամուտների զգալի թերակատարում։ Դրանք կազմել են 1,9 մլրդ դրամ։ Մինչդեռ պլանավորված էր ստանալ 2,8 միլիարդ։ Թերակատարումը հասնում է 32,1 տոկոսի։

Հունվարին հավաքագրված հարկային եկամուտները զիջել են նաև նախորդ տարվա մակարդակը։ Մի քանի հարյուր միլիոն դրամով պակաս է հավաքվել։

Արցախի բյուջեն չի ստացել ներքին եկամուտների մասով նախատեսված իր չափանիշներով բավական խոշոր գումար, պայմանավորված անցած տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով։ Բազմաթիվ հարկ վճարողներ մատակարարումների անհնարինության ու այլ դժվարությունների պատճառներով դադարեցրել են իրենց գործունեությունները՝ դադարեցնելով հարկային պարտավորություններ կուտակել բյուջեի նկատմամբ։

Եթե այս իրավիճակը շարունակի պահպանվել, ապա առաջիկայում Արցախի բյուջեի ներքին եկամուտների հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն։

Այս փուլում արդեն նախատեսված եկամուտների ստացումը հարցականի տակ է։ Հատկապես որ, ընթացիկ տարվա պետական բյուջեով պլանավորված է ավելի մեծ մուտքեր ապահովել ներքին տնտեսությունից։

Նախորդ տարվա 45 միլիարդի փոխարեն՝ 2023թ. ակնկալիքն ավելի քան 49 մլրդ դրամ է։ Արդեն հունվարին բյուջեի հարկային եկամուտների ստացման առումով դժվարություններն ակնհայտ են։

Ամեն դեպքում, Արցախի բյուջեի մուտքերը միայն հարկային եկամուտները չեն։ Շատ ավելի մեծ բաղադրիչ է կազմում բյուջետային վարկը։

Այս տարվա համար բյուջետային վարկը նախատեսված է 136 մլրդ դրամի չափով։

Բյուջեի հարկային եկամուտների հետ կապված խնդիրները տնտեսական իրավիճակի ուղղակի արտացոլումն են։ Տնտեսական իրավիճակն Արցախում շարունակում է սրվել, ինչի հետևանքով գնալով ավելանում է այն տնտեսվարողների քանակը, ովքեր հարկադրված դադարեցնում են իրենց գործունեությունը։

Երկու ամիս անընդմեջ Արցախը գտնվում է լիակատար տնտեսական շրջափակման մեջ։ Եթե հումանիտար բեռները խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կառույցների կողմից դեռ ինչ-որ չափով հասնում են Արցախ, ապա, այսպես կոչված, տնտեսական բեռների մուտքն ու ելքը ընդհանրապես դադարեցված է։ Տնտեսությունը կորցրել է շնչելու հնարավորությունը, ինչը մեծացրել է նաև սոցիալական խնդիրները։

Հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը և եկամուտ ստանալու աղբյուրները։

Արցախում փակված աշխատատեղերի քանակն արդեն մոտենում է 5,5-6 հազարի։

Այս մարդկանց սոցիալական խնդիրներն ինչ-որ կերպ մեղմելու համար պետական մակարդակով փորձ է արվում որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրել։

Սոցիալական ծրագրերից մեկն ուղղված է աշխատանքը կորցրած քաղաքացիներին:

Մասնավորապես, եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի:

«Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամի չափով աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա ստացած աշխատավարձի չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,- օրերս հայտարարեց  Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։

Մեկ այլ ծրագրով՝ աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ ֆինանսական աջակցություն, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա՝ 20 հազար դրամ:

Միակ ծնողի չաշխատելու դեպքում ևս 40 հազար դրամ աջակցություն կցուցաբերվի ընտանիքին։

Այսպիսի սոցիալական ծրագրերը, թեև որոշակի դեր կարող են ունենալ իրավիճակը մեղմելու առումով, այնուհանդերձ հասկանալի է, որ դրանցով չեն կարող լուծվել այն գլոբալ խնդիրները, որոնք առաջացել են Արցախում՝ Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով։ Ադրբեջանի իշխանությունները մինչև այժմ բացահայտ արհամարհում են ճանապարհը բացելու միջազգային հանրության կոչերն ու պահանջները։ Իսկ միջազգային կառույցները հակված չեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, չնայած երկու ամիս շարունակվող շրջափակման հետևանքով մի քանի տասնյակ հազար մարդ հայտնվել է հումանիտար, տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ։

Շրջափակումն ուղեկցվում է ոչ միայն քաղաքացիների ու բեռների տեղափոխման անհնարինությամբ, այլև շրջափակողների կողմից գազամատակարարման խափանումներով, էլեկտրաէներգիայի մատակարարման արգելափակմամբ, որոնք ավելի են մեծացնում հումանիտար ու տնտեսական խնդիրները։ Մինչ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի 120 հազար բնակչությունը մնացել է խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին սեփական գոյությունը պահպանելու ծանր փորձության առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս