«Միանշանակ սա դիվանագիտական քայլ չենք համարում, որովհետև սա մարդասիրական օգնություն է». Արա Գոչունյան
Փետրվարի 6-ին Թուրքիայում ու Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ։
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ այս պահին զոհերի թիվը հասել է 20.937-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80.88-ի։
Հայաստանը փրկարարներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ աղետի գոտում աշխատելու համար, Թուրքիային էլ մարդասիրական օգնություն է տրամադրել։ Բեռնատար մեքենաներն այսօր հատել են Մարգարայի կամուրջը՝ օգնությունը հասցնելով Թուրքիա։
168.am-ի հետ զրույցում Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն ասաց, որ երկրաշարժի հետևանքով հայ համայնքում կա 13 զոհ։
«13 զոհերից 3-ն արդեն հուղարկավորվել են, մնացած տվյալներն արդեն պարզ է»,- նշեց Արա Գոչունյանը։
Նա դժվարացավ ասել, թե քանի հայ է երկրաշարժի հետևանքով կորցրել տունը և մնացել առանց տանիքի՝ ընդգծելով, որ առայժմ այդ առումով տվյալներ հայտնի չեն։
Ինչ վերաբերում է Հայաստանից Թուրքիա ուղարկած օգնությանը և հարցին՝ սա Հայաստանի կողմից արդյո՞ք դիվանագիտական քայլ է, Արա Գոչունյանը պատասխանեց.
«Հայկական համայնքի շրջանում Հայաստանից եկած մարդասիրական օգնությունն ու փրկարարների ջոկատը դրական է ընկալվել։ Միանշանակ սա դիվանագիտական քայլ չենք համարում, որովհետև սա մարդասիրական օգնություն է, այսինքն՝ սա արվում է հանուն մարդկության՝ առանց ակնկալիքների ու հաշվարկների։
1999 թվականին Ստամբուլում տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո էլ Հայաստանից փրկարարների խումբ էր եկել Թուրքիա։ Ինչպես 1999 թվականի երկրաշարժից հետո եղած մարդասիրական քայլն արդարացված էր, չնայած նրան, որ քաղաքական հարաբերությունների մեջ որևէ բեկում չարձանագրվեց։
Նույն ձևով այս անգամ ևս մարդասիրական օգնությունն արդարացված է՝ անկախ այն հանգամանքից, որ առաջիկայում կարող է քաղաքական հարաբերությունների մեջ նոր որակ չմտցնի։
Մարդասիրական նախաձեռնությունը քաղաքական հաշվարկներով չի լինում, և կարծում եմ՝ Հայաստանը ճիշտ քայլ է իրականացրել՝ մարդասիրական օժանդակություն ուղարկելով Թուրքիա։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արձագանքել է Հայաստանից եկած մարդասիրական օգնությանը, հայկական պաշտոնական տեղեկատվությամբ էլ է հաստատվել, որ մարդասիրական օգնությունը Թուրքիա է հասել Մարգարայի կամրջով։
Քըլըչը մարդասիրական օգնությունն ընկալել է հայ ժողովրդի կողմից սրտաբուխ օժանդակություն։ Շեշտվում է, որ 5 բեռնատարներով 100 տոննա մարդասիրական օժանդակություն է՝ ներառելով սննդամթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ և այլն։
Նա շնորհակալություն է հայտնել ինչպես Ռուբեն Ռուբինյանին ու Վահան Կոստանյանին, այնպես էլ Հայաստանին»։