Ո՞ւմ շահերն են առաջ տանում ՔՊ-ն ու ԿԲ-ն
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ, օրենսդրական փոփոխություններ են առաջարկել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում, որով ուզում են արգելել տարադրամով հիպոթեքային վարկերի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին։
Առաջին հայացքից շատ անմեղ թվացող այս նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է այն մարդկանց, ովքեր իրենց եկամուտները կամ դրանց մի մասը ստանում են տարադրամով։ Ինչպես հայտնի է, այդպիսիք Հայաստանում քիչ չեն։ Այդ են վկայում նաև տրանսֆերտային այն հոսքերը, որոնք գալիս են դրսից։
Դրանց մեծ մասը, չհաշված անցած տարվա իրավիճակը, որը կապված էր հայտնի հանգամանքների հետ, հիմնականում արտագնա աշխատանք կատարող մեր քաղաքացիների ուղարկած գումարներն են, որոնցով նրանց ընտանիքները լուծում են իրենց կենցաղային խնդիրները, այդ թվում՝ կատարում իրենց վարկային պարտավորությունները։ Հայաստանում կան հարյուր-հազարավոր այդպիսի ընտանիքներ, ու այդ քաղաքացիների համար միանգամայն ձեռնտու է, որպեսզի վերցնեն տարադրամային վարկեր։ Այդ դեպքում նրանց համար նվազում է փոխարժեքի տատանողականության ռիսկը։ Փոխարժեքները կիջնեն, թե կբարձրանան, ըստ էության նրանց համար որևէ նշանակություն չի ունենա, ինչն ամենակարևոր խնդիրներից մեկն է վարկառուների համար։
Տարադրամային վարկերի առավելությունը նաև այն է, որ դրանք սովորաբար ավելի ցածր տոկոսադրույքներով են, քան դրամայինները։ Տարբերությունը երբեմն կարող է հասնել 4-5 տոկոսի։ Ու եթե քաղաքացու եկամուտները ձևավորվում են տարադրամով, միանգամայն ձեռնտու է նրա համար տարադրամային վարկեր վերցնելը։
Բացի այդ՝ տարբեր արժույթներով վարկ վերցնելու հնարավորության ընձեռումը քաղաքացուն ընտրության հնարավորություն է տալիս։ Ինքը կարող է որոշել, թե ինչ արժույթով վարկ վերցնի։
Դա վարկառուի ռիսկն է։
Բայց եթե նույնիսկ վարկառուի ֆինանսական գրագիտությունը բավարար չէ նման ընտրություն կատարելու համար, կա նաև մեկ այլ օղակ՝ ի դեմս բանկի։ Քաղաքացու եկամուտների հիման վրա բանկը կարող է գնահատել նրա վարկ ստանալու արժութային նպատակահարմարությունը և, ըստ այդմ՝ վարկ տրամադրի կամ չտրամադրի։
Հիմա իշխող քաղաքական ուժի պատգամավորներն ուզում են քաղաքացուն զրկել ընտրության հնարավորությունից և պարտադրել, որպեսզի նա հիպոթեքային վարկ վերցնի բացառապես դրամով։ Չեն ուզում հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ քաղաքացու եկամուտները ձևավորվում են ոչ թե դրամով, այլ տարադրամով։ Ու այդ դեպքում նրա համար մեծանում է փոխարժեքի տատանողականության ռիսկը։
Հիպոթեքային վարկերի բացարձակ դրամայնացմանը կողմ է նաև Կենտրոնական բանկը։
«Կենտրոնական բանկը դրա ջատագովն է»,- ասում է ԿԲ նախագահը։
Բերվում է հիմնավորում, որ ինչ-որ պահից տարադրամով վարկ վերցրած քաղաքացին կարող է կորցնել իր տարադրամային եկամուտները ու կանգնել փաստի առաջ։ Բայց նույն տրամաբանությամբ իր եկամուտները կարող է կորցնել նաև դրամով վարկ վերցրած քաղաքացին։
Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա պետք է ընդհանրապես արգելվի վարկերի տրամադրումը։
Այլ բան, որ դրամայնացումը կամ դոլարիզացիայի կրճատումը բխում է Կենտրոնական բանկի շահերից։ ԿԲ-ն իրականացնում է իր դրամավարկային քաղաքականությունը, որը երբեմն բախվում է դոլարիզացիայի բարձր մակարդակի հետ՝ նվազեցնելով դրա արդյունավետությունը։
Այս առումով բացառապես դրամային հիպոթեքի տրամադրումը ձեռնտու է Կենտրոնական բանկին, անկախ նրանից՝ դա հարվածելո՞ւ է պոտենցիալ վարկառուների որոշակի խմբերի շահերին, թե՞ ոչ։ Նշենք, որ այսօր հիպոթեքային վարկերի գրեթե 20 տոկոսը տարադրամային են։ Այն կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ տարադրամը գինը վերջին շրջանում բավականաչափ ընկել է, և դրամային եկամուտներ ունեցող որոշ քաղաքացիներ ևս կարող են հակված լինել տարադրամային վարկեր վերցնելուն։ Բայց դա իրենց և բանկերի ռիսկն է։
Թեև Կենտրոնական բանկում խտացնում են գույները, այստեղ ֆինանսական կայունության խաթարման առումով ռիսկեր գրեթե չկան՝ հաշվի առնելով տարադրամային հիպոթեքային վարկերի ոչ մեծ ծավալները։
Ի տարբերություն նրա, որ Կենտրոնական բանկը տվել է իր համաձայնությունը, հիպոթեքային տարադրամային վարկերից հրաժարվելու վերաբերյալ միանշանակ կարծիք չկա բանկային համակարգում։ Կան բանկեր, որոնք դեմ են դրան։ Ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ բանկային համակարգում առկա է տարադրամային չափազանց բարձր իրացվելիություն։ Դրսից մեծ քանակությամբ կապիտալ է եկել, որը կուտակվել է բանկերում, և բանկերն այն տեղաբաշխելու խնդիր ունեն։
Տեղաբաշխելու տեղ չկա, որի հետևանքով բանկային համակարգի ավանդներն էապես գերազանցել են տրամադրված վարկերին։ Գումարները, որոնք ստացվել են տարադրամով՝ կախվել են բանկերում։ Ու հիմա, երբ հերթական արհեստական սահմանափակումն են փորձում կիրառել վարկային շուկայում՝ տարադրամային միջոցների ավելցուկը բանկերում մեծանալու է։ Եթե դրանք հայտնվեն շուկայում, արտարարժույթի ճնշումը կավելանա՝ հանգեցնելով դրամի հետագա ամրապնդման։
Անշուշտ, վարկերի դրամայնացման մղումը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է։ Արդեն մի քանի տարի է, ինչ սպառողական վարկերը տրամադրվում են միայն դրամով։ Բայց հիպոթեքը չպետք է համեմատել սպառողական վարկերի հետ, որոնք շատ ավելի փոքր և կարճաժամկետ վարկեր են։ Ըստ այդմ, փոքր են նաև դրանց հնարավոր հետևանքները տարադրամային եկամուտներ ստացող քաղաքացիների վրա։
Այնինչ՝ հիպոթեքի դեպքում գործ ունենք մեծ ծավալի և երկարաժամկետ ֆինանսական միջոցների հետ։ Հետևաբար՝ մեծ ու երկարաժամկետ է լինելու նաև դրա ազդեցությունը վարկառուների որոշակի խմբի համար։
Ինչո՞ւ գնալ նման քայլի և զրկել մարդկանց ընտրության հնարավորությունից, երբ շուկան ինքը կարող է կարգավորել այդպիսի խնդիրները։
Միայն այն, որ մարդկանց, ինչպես նաև բանկերին զրկում են ընտրության հնարավորությունից և պարտադրում խաղի այդպիսի կանոններ, արդեն վիճահարույց է։ Ժամանակի ընթացքում շուկան ինքնուրույն կարող է գալ դրան, եթե լինեն անհրաժեշտ պայմաններ։ Այդ պայմաններից կարևորը, թերևս, այն է, որ բանկերի շահառուների հիմնական եկամուտները ձևավորվեն ազգային արժույթով։ Այդ դեպքում նրանք ինքնուրույն հակված կլինեն վարկեր վերցնել այնպիսի արժույթով, որով ձևավորվում են իրենց եկամուտները։ Որևէ արհեստական միջամտության կարիք ևս չի լինի։
Հասկանալի չէ, թե ինչո՞ւ են ուզում ժամանակից առաջ ընկել ու խնդիրներ ստեղծել՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բանկերի համար, երբ այդպիսի հարցերը բացառապես քաղաքացիների ու բանկերի դաշտում են, և հետևողական լինելու դեպքում դրանք կարող են հանգիստ կարգավորել՝ առանց արհեստական սահմանափակումների կիրառման։
Ի վերջո, կլինեն նաև քաղաքացիներ, որոնց համար՝ եկամուտներից կախված, նախընտրելի կլինի խառը՝ մի դեպքում դրամով, մյուս դեպքում՝ տարադրամով, հիպոթեքի ձևավորումը։ Բացարձակ հիմք չկա մարդկանց զրկել իրենց միջոցներն արդյունավետ տնօրինելու ու կառավարելու հնարավորությունից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ