«Հաշվի առնելով երկրաշարժի վտանգը՝ մենք ունե՞նք հին շենքերը նորով փոխարինելու ծրագիր». Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր «խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ուշադրությունը հրավիրելով  տարածաշրջանում գրանցվող ավերիչ երկրաշարժերի վրա, հարց ուղղեց, թե Հայաստանի Հանրապետությունում առկա այն շենքերը, որոնք կառուցվել են դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ և դրանց օգտագործման ժամկետը լրանում է, արդյո՞ք Կառավարությունը հին շենքերը նորերով փոխարինելու ծրագիր  ունի, եթե չունի, ապա  պատրաստվո՞ւմ է այդպիսի հաշվարկ իրականացնել, կառույց ստեղծել, որպեսզի հին շենքերը փոխարինեն նոր շենքերով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց.

«Մեր տարածաշրջանը նման վտանգով լի է և, ցավոք սրտի, պարբերաբար գրանցվում են այդպիսի դեպքեր: Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրություններն իրար որոշակի չեն համընկնում: Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել և մեր շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով՝ 7 բալ ուժգնության համար, բայց հետո Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ, ցավոք սրտի, ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, և մեր շատ շենքեր, ստացվում է, որ այդ ստանդարտների հետ որոշակի անհամապատասխանություն ունեն, ինչպես նաև տարիքը, մաշվածությունը և այլն:

Այդ ուղղությամբ բազմաթիվ իրավական գործընթացներ կան, փոփոխություններ կան, ուղղակի ոլորտը քաղաքաշինական է, ես շատ դետալներ հիմա կարող է չկարողանամ ասել, բայց գիտեմ, որ և 2019, և 2020 թվականին օրենսդրական որոշակի փոփոխություններ են արվել, և այսօր մեր ընդհանուր շինարարության մեջ այն նորմատիվները հաշվի են առնվում»:

Կարդացեք նաև

Արձագանքելով նախարարին՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց.

«Ես նկատի ունեմ այն շենքերը, որոնք Սովետական Միության ժամանակ են կառուցվել, պետք է ժամանակ տրվի և 10 տարվա ընթացքում փոխարինվեն նորերով: Կա՞ այդպիսի ծրագիր, եթե չկա, ապա ես կարծում եմ՝ դրա կարիքը կա: Այն բարձրահարկ բազմաբնակարան շենքերը, որոնք գոյություն ունեն 30-40 կամ գուցե 50 տարի, դրանց մի քանակի ժամկետը մոտենում է սպառման, դրանց փոխարինող ի՞նչ ծրագրեր, ի՞նչ գործիքներ ունենք, որով հնարավոր լինի այս ժամանակաընթացքում սկսենք այդ գործընթացը:

Սանոսյանն ասաց, որ Հայաստանի տարբեր մարզերում կան այդպիսի շենքեր, բայց դրանց մեծ մասը մայրաքաղաքում են.

«Պարբերաբար որոշակի շենքերում, իրենց վիճակից ելնելով, իրականացվել է աշխատանք, մարդիկ դուրս են բերվել և այլ տեղ է կառուցվել շենք և տեղակայվել են: Բայց այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ ոչ թե 1, այլ մի քանի շենք գույքագրվում է, որ այդպիսի կարգավիճակում են, և Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է իրականացնել ծրագիր՝ վթարային շենքերը քանդել, այդ շենքերի տեղում կառուցել  նոր շենքեր, նոր շենքերում առաջին հերթին բնակարան հատկացնել նախկին շենքերում ապրող մեր հայրենակիցներին, իսկ եթե բնակֆոնդն ավելի է, ապա որոշակի տնտեսական կամ սոցիալական ծրագիր իրականացնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս