Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշ առաջընթաց կա. Արարատ Միրզոյան

Չնայած հարաբերությունների և իրողությունների ամբողջ բարդությանը՝ Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք՝ որպես 1988 թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը՝ իր ցավակցությունը հայտնելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հստակեցնող հարցին ի պատասխան, թե Հայաստանը կոնկրետ ի՞նչ աջակցություն է առաջարկել Թուրքիային, նախարարը մանրամասնեց.

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասացի ներածական խոսքում. ինքներս 1988 թ.–ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությանը.

«Կա երկխոսություն, ինչպես տեղյակ եք, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական և հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ՝ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց, այնուամենայնիվ դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ:

Վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի: Համենայն դեպս ՀՀ կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս