«Մեղա՜, Տեր Աստված. պատկերացնո՞ւմ եք՝ Մազութի Համոյի կինն ասեր, որ ամաչում է Երկիր Նաիրիից». Աննա Հակոբյանի գրառման մեսիջները
Նիկոլ Փաշինյանն ամանորյա իր ուղերձում 2023 թվականը հայտարարել էր Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, իսկ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը այս ընթացքում պարբերաբար գրառումներ է կատարում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի վերաբերյալ: Ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ Հակոբյանը նշել էր, որ այն կարդալու ամեն էջի հետ իրեն պատած ծանր զգացողությունն ավելի ու ավելի էր ծանրանում և ի վերջո վերածվում սուր ամոթի զգացումի. «Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ»:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը հարց ունի Փաշինյանին՝ 2019թ. լրացավ 4 տիտանական ուժի գրողների և կոմպոզիտոր-երգահանի 150-ամյակը, այդ տարին ինչո՞ւ չհայտարարվեց այդ նույն անձանց ստեղծագործությունների ընթերցման տարի:
«Ինչո՞ւ չէր կարելի վերընթերցել Երևանդ Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն, որն այսօրվա մեր օրերի ճշգրիտ տարեգրությունն է, ինչո՞ւ չէին կարող ընթերցվել Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական երկերը, որոնք 20-րդ դարի սկզբի այնպիսի խորունկ վերլուծություններ և նկարագրություններ են, որոնք շատ չափով մեզ կհիշեցնեին 21-րդ դարի մեր ապրած օրերի ընթացքը: Ինչո՞ւ Կոմիտասի մասին որևէ շշուկ անգամ չլսվեց: Եվ հանկարծ անդրադարձ Թումանյանին և Չարենցին: Ես կարդացի Աննա Հակոբյանի գրառումը, և այստեղ շատ լուրջ վտանգ կա:
Վերջին շրջանում համացանցում սկսել են քար նետել Հովհաննես Թումանյանի ուղղությամբ. նրան փորձում են օգտագործել իրենց գաղափարներին համահունչ, իբրև թե Թումանյանը փորձ է արել հաշտեցման եզրեր գտնել թաթարա-հայկական ընդհարումների և հայերի կոտորածների ժամանակ: Ես խորհուրդ կտամ կարդան գոնե Թումանյանի դստեր հուշերը, թե ինչպես է Թումանյանը այդ «հաշտեցմանը» գնացել: Թումանյանը 150 լոռեցի քաջեր էր հավաքել, ձիեր թամբել և խուրջինի մի կողմում կարմիր դրոշ էր դրել, մյուսում՝ սպիտակ: Թումանյանը այդ ժամանակ ռուս չինովնիկների իսկ խոստովանությամբ՝ գավառապետի նման էր իրեն պահում, և բոլոր խնդիրները լուծվում էին հենց Թումանյանի միջոցով: Այդպիսի հեղինակություն նա ուներ հենց թաթարների մոտ:
Երբ տեսնում է, որ բաշիբոզուկները Ղազախի սահմանին հավաքվել են և արդեն իրար մեջ չգրաված հայկական գյուղերի ավարն են բաժանում, ասել է՝ ուշադրություն դարձրեք՝ մի կողմում կարմիր դրոշակն է, մյուսում՝ սպիտակը. սպիտակը խաղաղության դրոշն է, եթե խաղաղություն եք ուզում, վեր կացեք՝ գնացեք ձեր տները, իսկ եթե ուզում եք արյուն տեսնել, մենք արյան պատրաստ ենք, այս 150 քաջերը ձեր պատասխանը կտան: Ադրբեջանցիները սուսուփուս հետ են դարձել: Դրա տակ հայ-թաթարական բարեկամության մեղադրանք կպցնել Թումանյանի բացառիկ կերպարին, նշանակում է՝ հարձակում Թումանյանի դեմ: Նույնը կատարվում է Զոհրապի դեմ: Մարդիկ, որոնք Զոհրապի «Փոստալ»-ից և «Ճիտին պարտք»-ից այն կողմ չեն ճանաչում, Զոհրապին հայտարարեցին դավաճան և Թալեաթի ընկեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ ինչո՞ւ թուրքերի բնավորությունը չեն բացահայտում, այլ Զոհրապի նման տիտանական անձնավորությանը վերագրում են դավաճանության կեղծ մեղադրանք:
«Դա այն Զոհրապն է, որի տղային խորհրդային հատուկ ծառայությունների զինվորները իր տան մեջ գլխից կրակելով՝ սպանեցին Ռումինիայում: Հիմա դառնանք Եղիշե Չարենցի վեպին: Առաջին տպավորությունն այն էր, որ այդ վեպն առհասարակ չի էլ կարդացվել ո՛չ Ռեյկյավիկի ինքնաթիռի սալոնում, ո՛չ հյուրանոցի սրահում: Գիտական շրջանակներում ընդունված է՝ եթե որևէ գրքի մասին որևէ կարծիք ես ուզում գրել, գոնե քո խոսքը պետք է հաստատագրես այդ գրքից վերցված մեկ օրինակով. Ոչ մի օրինակ չկա: Չկա այդ գրքի բովանդակությունից որևէ խոսք, թե ինչի՞ց է ամոթ զգացել, ինչի՞ց է այսպես տագնապել հոգին, ինչպես ինքը (նկատի ունի Աննա Հակոբյանին) նշում է, և մոտ 4000 էլ հավանություն կա այդ գրառման տակ: Չարենցի «Երկիր Նաիրի»-ն երգիծավեպ է, և ամբողջովին ուղղված է Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարների դեմ: «Երկիր Նաիրի»-ում կար Մազութի Համոն՝ «Լույս» գրասենյակի ղեկավարը, որը կենտրոնաուղեղասարդ էր և որի ամբողջ մտածողությունն ու փիլիսոփայությունը հենվում էր հենց իր վրա: Կար, չէ՞, մեկը, որ հայտարարում էր՝ բանակցությունները կսկսի իր սեփական զրոյական կետից, ընդհանրություն տեսնո՞ւմ եք, սա ինքն իր վրա հիմնված գաղափարաբանությո՞ւն է, թե՞ ոչ: Չարենցն արտասովոր հեգնանքով նշում է, որ այդ «Լույս» գրասենյակի ղեկավարը՝ Մազութի Համոն, վառելիք էր ծախում թշնամուն: Սկսենք Սև լճի 30 տոկոսից և ձյունապատ լեռից, օրինակները բազմաթիվ են, կա՞ այստեղ լույս ծախելու նման մի բան: Աննա Հակոբյանը գրում է, որ՝ կրծքին սեղմած «Երկիր Նաիրիս», որն այս դեպքում հասկացվում է՝ երկիրը, և երկիրը մարդը կրծքին սեղմած՝ ինչո՞ւ պետք է տանի օտար երկիր, հիմա ո՞ւմ ենք տանում մեր երկիրը: Այսպես Երկիր Նաիրին տեղափոխում են օտար երկիր, կորցնում են ճանապարհներին, հետո նորից են գնում: Նորին գնվող Երկիր Նաիրի չկա: Այդ ամոթի զգացում ունեցողը գուցե պետք է կարդացած լիներ նաև Տերյանի «Երկիր Նաիրի»-ն, այն Տերյանի, որը խորապես զգում էր փթթող Երկիր Նաիրիի և նրա հավերժականության խնդիրը»,- ընդգծեց գրականագետը:
Սերժ Սրապիոնյանը ուշադրություն հրավիրեց «Երկիր Նաիրի» վեպի հերոս Մազութի Համոյի կնոջ՝ Անգինա Բարսեղովնայի կերպարի վրա. «Գեղեցկուհի Պրիմադոննան դռան բանալու անցքից տեսնում է ռուս սպայի հետ մի զարմանալի պատկեր՝ բարձրացող իջնող հետույք, պիրկ ազդրեր և Մազութի Համոն հանկարծ զգում է իր գլխին բուսնող պոզերը՝ քաղաքական պոզերը մի կողմից, ընտանեկան պոզերը՝ մյուս կողմից: Ես կարծում եմ՝ սա շատ հուշող պատկեր է: Այս իմաստով, եթե ամաչելու բան կար, ապա «Երկիր Նաիրիի» գոյությունից օտարների մոտ չպետք է ամաչեր»:
Գրառման մեջ Աննա Հակոբյանը շեշտել էր, որ Իսլանդիայի տարածքը 102,775 կմ² է, և, որ իսլանդացիները մղել են իրենցից տասնապատիկ անգամ հզոր թշնամիների դեմ պայքար և նրանց նկատմամբ ոխ չեն պահել:
Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ իսկ իսլանդացիներն ունեցե՞լ են Մազութի Համոյի և Գեներալ Ալոշի նման ղեկավարներ, որոնք սեփական ժողովրդի համար միայն կախաղաններ էին կառուցում. «Սա ի՞նչ տագնապ է: Չարենցն այստեղ տեսանող է, որովհետև բոլոր նրանք, ովքեր կախաղաններ են պատրաստում իրենց ժողովուրդների համար, ի վերջո, իրենք են կախվում այդ կախաղանից: Այդպես է եղել պատմության ամբողջ ընթացքում և այդպես կլինի այս դեպքում. Երկիր Նաիրին չի գնա օտար աշխարհ, չի կորսվի ճանապարհներին, բայց ա՜յ, կախաղանի մասով մտածել է պետք: Մեռելի Ենոքներ քի՞չ ենք տեսնում այսօր մեր կողքին՝ դագաղների մեջ քնող: Այդ դագաղների փիլիսոփայությունը ո՞վ մտցրեց մեր իրականություն, հարցի պատասխանն ո՞վ կտա: Չարենցը զգուշացնում է՝ մազութիհամոներից, անգինաբարսեղովնաներից, քոռարութներից, մեռելիենոքներից, գեներալալոշներից խուսափելն է մեր ճանապարհը, որպեսզի արյան այդ մղձավանջը չտեսնենք»:
Աննա Հակոբյանը գրել էր, որ «Երկիր Նաիրին» թողել է Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում և հիմա արդեն պարզապես երազում է, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ:
«Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ և չենք դարձրել պատմություն, մե՛ր պատմությունը, բայց պատմությո՛ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաև երբե՛ք այլևս չենք կրկնի»,- գրել էր Հակոբյանը:
«Մեղա՜, Տեր Աստված: Ես մի խոսքի մեջ այսքան հակասություն չեմ հանդիպել: Գրականություն գոնե մի քիչ կարդացել եմ, բայց չեմ հանդիպել: Ուրեմն՝ մոռանում ենք «Երկիր Նաիրի»-ն ինքնաթիռի ցանցավոր գրպանում: Մեզ պարտադրում են մոռանալ Երկիր Նաիրին ոչ թե ցանցավոր, այլ ամուր կարված գրպանում. ո՞վ է մեղավոր, ո՞վ բերեց այս ամենը մեր գլխին, ումի՞ց ենք ամաչում, ո՞ւմ ենք մեղադրում: «Երկիր Նաիրի»-ի ժամանակ Չարենցը կոնկրետ հասցեատեր ուներ. Սխալ, թե ճիշտ, բայց կոնկրետ մեղադրում էր: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք՝ Մազութի Համոյի Անգինա Բարսեղովնան վեր կենար և ասեր, որ ինքը ամաչում է Երկիր Նաիրիից, և որ այդտեղ Մազութի Համոն ամենակատարյալն է եղել, և մարդուն վերագրել են հատկանիշներ, որ ինքը չի ունեցել: Ամաչո՞ւմ են, այդ ամաչելը սրբելու մի եղանակ կա՝ թող թողնեն, որ Երկիր Նաիրին չմոռացվի ո՛չ Իսլանդիայի ինքնաթիռների ցանցավոր գրպանում, ո՛չ էլ մեր ոխերիմ հարևանների կարած գրպաններում, որովհետև այդ կարած գրպաններում Երկիր Նաիրիի կենսունակ օրգաններն արդեն տեղավորված են՝ Իշխանասարից սկսեք, գնացեք՝ հասեք մինչև Սոթք և մինչև Վարդենիս»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում