Բաժիններ՝

Ե՞րբ անել վիժում. Գևորգ սրկ. Նալբանդյան

2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ  ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000:

Այս հոդվածի նպատակն է բացատրել վիժում հասկացությունը և վերլուծել վիժման ահավոր արարքը հեշտորեն ընդունող մարդկանց կողմից ներկայացված պատճառաբանությունները՝ տեսնելու, թե դրանք ինչքանով ճիշտ և արդար են, և վերջում բացահայտել ու շեշտել վիժման միակ արդար պատճառը:

Ի՞նչ է նշանակում վիժում կատարել: Նախ և առաջ պետք է ընդունենք, որ մարդկային հասարակության մեջ վիժում հասկացությունը չունի մեկ բացատրություն, որովհետև մարդիկ տարբեր մասնագիտությունների մոտեցումներով և անձնական համոզմունքներով են նայում վիժման ցավալի երևույթին: Օրինակ՝ բժշկական մոտեցումով վիժումը հղիության միտումնավոր ավարտն է, Աստվածաշնչական մոտեցումով վիժումը 6-րդ պատվիրանի՝ «Մի՛ սպանիր» (Ելք 20:13) չգործադրելն է՝ սպանության մեղքն է։ Իսկ որոշ կանանց համոզմունքներով վիժումը կնոջ իրավունքն է: Սակայն ինչպիսին էլ լինեն վիժումի բացատրությունները, կարող ենք շատ պարզ ասել, որ վիժումը արգանդում գտնվող մանուկին կյանքից զրկելն է:

Կնոջ իրավունքն ու վիժումը: Ոմանք ասում են, որ կինը վիժում կատարեց, որովհետև դա կնոջ իրավունքն է. նա է հղիացողը և իր արգանդում գտնվող մանուկի տերը: Ուստի, կինը հղիության ժամանակ իրավունք ունի ընտրություն կատարելու երկու տարբերակի միջև՝ 1. շարունակվի հղիությունը և ավարտվի ծննդաբերությամբ, 2. կասեցվի հղիությունը վիժումով:

Այս մոտեցումը սխալ է, որովհետև համաշխարհային օրենքներ ասելով չենք հասկանում օրենքներ, որոնք ամբողջությամբ լավ են մտածված, քննարկված ու մշակված մարդկանց կողմից: Պատմությունը վկայում է, թե ինչքա՜ն  համաշխարհային կամ տեղական սխալ օրենքներ որոշ ժամանակի ընթացքում կորցրել են իրենց ուժը և անցել պատմության սև, տխուր ու ցավալի էջի արձանագրությունների մեջ: Անշուշտ և անկասկած, կին արարածը իրավունք ունի ամուսնանալ իր սիրած տղամարդու հետ, ընտանիք կազմել, հղիանալ, սակայն հղիանալու իրավունք ունենալ՝ չի նշանակում արգանդում գտնվող փոքրիկին կյանք կամ մահ շնորհելու իրավունք ունենալ: Յուրաքանչյուր անձ ապրելու և գոյատևելու իրավունք ունի, նույնիսկ եթե նա գտնվում է արգանդում: Եթե ընդունենք, որ վիժում կատարելը կնոջ իրավունքն է, սա նշանակում է, որ արգանդում գտնվող երեխան զուրկ է ապրելու իրավունքից: Մանուկների արդար իրավունքները սկսվում են արգանդից և ոչ ծննդաբերությունից:

Ամուսնու հանդեպ հնազանդությունն ու վիժումը: Ոմանք ասում են, որ կինը վիժման գնաց, որովհետև դա իր ամուսնու պահանջն էր, ուստի կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, ինչպես ասում է Աստվածաշունչը․ «Քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա» (Ծննդ. 3:16): «Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին» (Եփես. 5:22):

Այս մոտեցումը սխալ է, որովհետև քրիստոնեության մեջ չկա կույր հնազանդություն: Պողոս առաքյալը կապում է ամուսնու հանդեպ կնոջ հնազանդությունը Տիրոջ հետ՝ ասելով. «Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը» (Եփես. 5:22), այլ խոսքով՝ իր ամուսնու հանդեպ կնոջ հնազանդությունը պետք է համապատասխանի Տիրոջ  պատվիրաններին՝ Աստվածաշնչին: Օրինակ, եթե ամուսինը պահանջեց իր կնոջից, որ գողություն անի, ապա կինը, հնազանվելով իր ամուսնուն, պե՞տք է գնա և գողություն կատարի, հաստատ ո՛չ, որովհետև Աստվածաշունչը պատվիրում է․ «Մի՛ գողացիր» (Ելք 20:15): Ամուսինը պետք է իմանա, որ վիժումը հակաաստվածային, հակաաստվածաշնչական արարք է, և իր իշխանություն ունենալը չի արդարացնում իր սխալ պահանջները, որոնք դրդում են կատարել վայրագ արարքներ:

Աղքատությունն ու վիժումը: Ոմանք ասում են, որ կինը վիժման գնաց, որովհետև նրա ընտանիքը ապրում է ֆինանսական ծանր պայմաններում, զույգը չի կարող ապահովել մանկան առաջնային և հետագա կարիքները՝ սնունդ, դեղորայք, հագուստ, խաղալիք, գրքեր, ուսում և այլն:

Այս մոտեցումը սխալ է, որովհետև աղքատությունը չի արդարացնում սպանությունը: Աստվածորդին՝ Քրիստոս, ծնվեց մսուրի մեջ և ոչ պալատի, Նա աշխատեց և վաստակեց: Վիժում կատարելով ոչ միայն աղքատության խնդիրը չի լուծվի, այլև դրա վրա մի նոր խնդիր կավելանա՝ մանուկի սպանությունը: Աղքատության խնդիրը կլուծվի պետության և աղքատների փոխգործակցությամբ: Լավ կլինի, որ աղքատ զույգը մի քանի բալիկ ունենալուց  հետո օգտագործի հակաբեղմնավորիչ միջոցներ, և ոչ թե հղիությունից հետո կատարվի վիժում: Ավելի լավ է, որ մանուկը ծնվի աղքատ ընտանիքի մեջ, և որոշ ժամանակ հետո պետական օրենքով որդեգրվի մեկ այլ ընտանիքի կողմից, քան թե սպանվի ծննդատան մեջ:

Հիվանդությունն ու վիժումը: Ոմանք ասում են, որ  կինը վիժման գնաց, որովհետև բժշկական քննությունների արդյունքները ցույց են տալիս, որ արգանդում գտնվող մանուկը թերաճ է, հիվանդ է, բնական մանուկների նման առողջ պիտի չլինի, ուստի վիժումը մանկանը ապագայում սպասվելիք զանազան դժվարություններից հեռացնելն է:

Այս մոտեցումը սխալ է, որովհետև մանկան՝ հիվանդ լինելը ոչ մի ձևով չի կարող արդարացնել նրան սպանելու արարքը՝ վիժումը: Աստված ամենակարող է, Նա կարող է մի օր այդ հիվանդ մանկանը բժշկել, ուրեմն ինչո՞ւ վիժման գնանք և մոռանանք Աստծու ամենազորությունը: Աշխարհում հիվանդ մանուկների թիվը շատ է, ուրեմն պետք է նրանց սպանե՞նք պարզապես նրանց հանգստացնելու համար, հաստատ ո՛չ: Աշխարհում հիվանդ մարդիկ հսկա մտային, ֆիզիկական և հոգևոր աշխատանքներ են կատարում իրենց ամենօրյա կյանքում, ուրեմն ինչո՞ւ զրկենք արգանդում գտնվող հիվանդ մանկանը այդ աշխատանքներից: Եթե մանուկը հիվանդ ծնվեց, պետք է իր մեջ ապրելու, պայքարելու ոգին զորացնենք և ոչ թե վիժումով ոչնչացնենք նրան:

Բռնաբարությունն ու վիժումը: Ոմանք ասում են, որ  կինը վիժման գնաց, որովհետև կինը ենթարկվեց բռնաբարության և հղիացավ, ուստի նա չի ուզում, որ իր արգանդի մանուկը բռնաբարության պտուղ լինի:

Այո, բռնաբառությունը հակամարդկային, հակաաստվածաշնչական, հակաբարոյական արարք է, ծանր հանցագործություն է, և կինը դրա մեջ հանցանք չունի, սակայն, միաժամանակ, սխալը սխալով չի սրբագրվում՝ բռնաբարությունը սպանությամբ չի սրբագրվում: Արգանդում գտնվող մանուկը  չպետք է ենթարկվի մահվան իր կենսաբանական հոր կատարած հանցագործության համար: Այս պարագայում լավ կլինի, որ կինը ծննդաբերի խաղաղությամբ, և եթե չի ուզում իր զավակին, թող մի ընտանիք որդեգրի նրան:

Պատահականությունն ու վիժումը: Ոմանք ասում են, որ կինը վիժում կատարեց, որովհետև նրա հղիացումը պատահականության արդյունք է, այլ խոսքով՝ կինն ու ամուսինը նորից զավակ ունենալու ծրագիր չունեին իրենց մտքում:

Այս մոտեցումը սխալ է, որովհետև աշխարհում բազմաթիվ մարդիկ հսկա գումարներ են ծախսում, որպեսզի թեկուզ մեկ բալիկ ունենան, մինչ այս զույգը անգութ մոտեցումով մերժում է այդ բարիքը՝ արգանդում հանգիստ մեծացող մանկանը, որովհետև նա իրենց ծրագրերում գոյություն չուներ: Ինչո՞ւ փոքրիկը պատահականության զոհ պիտի լինի: Ո՞րն է ավելի արժեքավոր՝ մանո՞ւկը, թե՞ պատահական հղիությունը:

Ե՞րբ անել վիժում:  Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ իմաստուն Շենուդա Գ. Պատրիարքը, «Ե՞րբ կարելի է վիժում անել» հարցումին պատասխանելով, ասում է. «Կարելի է վիժում անել միայն մեկ դեպքում, երբ բժշկական քննությունները ցույց են տալիս, որ հղիությունը կամ ծննդաբերությունը մոր կյանքը մահվան վտանգի է ենթարկում»: Կարդում ենք Դիդախե** գրքում «Պետք չէ սպանես արգանդում գտնվող մանկանը»:

* Տես՝ https://www.moh.am/uploads/taregirq.pdf (էջ 191)

** Տիրոջ ուսմունքը տասներկու առաքյալների միջոցով ազգերին

Գևորգ սրկ. Նալբանդյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս