
«Ալաշկերտ»-ը բրազիլացի հարձակվող ունի

Երևանի «Ալաշկերտ»-ը առաջնության աշնանային հատվածի վերսկսումից առաջ կրկին համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով «Արարատ-Արմենիայից» է տեղափոխվել «Ալաշկերտ»: Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև մրցաշրջանի ավարտը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 11 խաղերում 3 գոլ հեղինակած Մենեզեսը հանդես է եկել պորտուգալական մի շարք ակումբներում՝ «Բրագա B», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ»:
«Ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը: Մարտական եմ տրամադրված՝ նոր թիմիս արդյունավետ գործողություններով օգնելու համար: «Ալաշկերտում» շատ լավ, ընկերական մթնոլորտ է, կան նաև պորտուգալախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ, ինչը նույնպես դրական փաստ է ինձ համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մենեզեսը: