Ջոն Ադամս. «Ես պարտավոր եմ ուսանել քաղաքականության ու ռազմի արվեստները…»․ «Քաղաքական հայ»
«Ես պարտավոր եմ ուսանել քաղաքականության և ռազմի արվեստները, որպեսզի վաղը որդիներս մաթեմատիկա և փիլիսոփայություն սովորելու ազատություն ունենան», — 1780 թվականի մայիսի 12-ին այս տողերը գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի համահեղինակ, իրավաբան, դիվանագետ, իսկ հետագայում նաև ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսն իր կնոջը՝ Աբիգեյլին հասցեագրած նամակում։
Նամակը գրելու պահին նա Ֆրանսիայում էր դիվանագիտական առաքելությամբ, փորձում էր Բրիտանիայի հետ խաղաղություն բանակցելու համաձայնություն ստանալ ֆրանսիացիներից։ Իր հետ Ֆրանսիայում էին նաև իր որդիները՝ 12-ամյա Ջոն Քուինսին (ով 1825-ին կդառնա ԱՄՆ 6րդ նախագահը) և 10-ամյա Չարլզը։
Նամակում Ադամսը քննարկում էր նոր կերտվող ամերիկյան պետականության կրթական առաջնահերթությունները.
«Ես կարող էի հատորներ լցնել տաճարների և պալատների, նկարների, քանդակների, գոբելենների ու ճենապակու ևն, ևն, ևն նկարագրություններով, եթե ժամանակ ունենայի։ Բայց ես դա չեմ կարող անել առանց իմ պարտականություններն արհամարհելու։ Իմ պարտքն է նախքան բոլոր այլ գիտությունները [առաջին հերթին] կառավարելու գիտությունն ուսանելը. օրենսդրության, կառավարման ու բանակցելու արվեստը հիրավի պետք է ինչ-որ իմաստով զբաղեցնի այլ գիտությունների տեղը։ Ես պարտավոր եմ ուսանել քաղաքականության և ռազմի արվեստները, որպեսզի վաղը որդիներս մաթեմատիկա և փիլիսոփայություն սովորելու ազատություն ունենան։ Որդիներս էլ պիտի սովորեն մաթեմատիկա, փիլիսոփայություն, աշխարհագրություն, բնագիտություն, նավային ճարտարագիտություն, նավագնացություն, առևտուր և գյուղատնտեսություն, իրենց երեխաներին նկարչություն, պոեզիա, երաժշտություն, ճարտարապետություն, քանդակագործություն, գորգագործություն և խեցեգործություն ուսանելու իրավունք տալու համար»։
Աղբյուր. Massachusetts Historical Society
Ադամսի այս խոսքերը զուտ տեսական զեղումներ չէին. նույն թվականին նա դարձավ Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի համահիմնադիրներից մեկը (հեղինակավոր այս կազմակերպությունը գործում է առ այսօր)։ Նա համարվում է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հիմնադիրներից մեկը։
Առաջնահերթությունների մասին Ադամսի մտքերը որքանով որ կարևոր էին նոր ստեղծվող Միացյալ Նահանգներում, ավելի քան արդիական են գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած այսօրվա Հայաստանում։
Այս պահին, երբ ազգային բոլոր ռեսուրսներն պետք է մոբիլիզացված և ուղղված լինեին Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության խնդիրը լուծելուն, մեր երկրում անվերջ փառատոններ են, համերգներ, հրավառություններ ու Քրիստոսի հսկայական արձան է կառուցվում, մյուս կողմից էլ մեզ՝ հայերիս, զօր ու գիշեր համոզում են, թե քաղաքականությամբ զբաղվելը, քաղաքական պահանջները հրապարակավ ներկայացնելը ամոթ է, «կուլտուրական մարդուն անվայել է», «հայի խելքի բանը չէ» ևն։
Նշածս երևույթի վառ օրինակ է «Սթարմուս» փառատոնի կազմակերպիչ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հայտարարությունը Ազատության հրապարակում.
«Ես շատ կուզեի, որ այս հրապարակում ոչ թե լինեին հացադուլների և այլնների վրաններ, այլ լինեին գիտության, տեխնոլորգիաների և արվեստի վրաններ»
Աղբյուր. Տիեզերք/Space
Կամա թե ակամա աստղաֆիզիկոսը կրկնել է հակահայաստանյան այն խոսույթը, որ հայը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, չպիտի ունենա հավակնություն իր ճակատագիրը՝ որպես ազգ, ինքնուրույն տնօրինելու։
Եվ այնուամենայնիվ, հայ մնալու միակ մեր շանսը Ադամսի ձևակերպած ճանապարհն է, այսինքն առաջին հերթին «քաղաքականության և ռազմի արվեստներին տիրապետելն» է և ծանր, համակարգված ու հետևողական քայլերով մեր անվտանգության համակարգը վերականգնելը, որպես քաղաքական ազգ մեր գոյության իրավունքը վերահաստատելն է։
Առանց անվտանգության վերականգման անհնարին է Հայաստանի զարգացումն ու առաջընթացը։ Կարճ ուղիներ (shortcuts), արագ ու հեշտ լուծումներ այս ճանապարհին ուղղակի չկան։