Այսպիսի ահռելի խաղադրույքների պայմաններում, թվում է, թե խաղային բիզնեսը հսկայական հարկեր պիտի վճարեր

Իշխանությունները որքան «ակտիվորեն» են «պայքարում» խաղամոլության տարածման դեմ, այնքան խաղային բիզնեսը Հայաստանում ծաղկում է։ Շրջանառությունները նվազելու փոխարեն՝ մեծ տեմպերով ավելանում են, ինչը նշանակում է, որ այդ «պայքարն» արդյունք չի տալիս։

Զարմանալի չէ, որ դրանից հետո էլ խաղային բիզնեսի ոլորտում, հայաստանյան չափանիշներով, աստղաբաշխական գումարներ են պտտվում։ Կատարվող խաղադրույքները գրեթե մոտենում են ՀՆԱ-ի ծավալներին։

Իշխանությունները ցույց են տալիս, թե մտահոգված են խաղամոլության տարածմամբ ու միջոցներ են փնտրում դրա դեմն առնելու համար, իսկ խաղամոլությունը գնալով ընդլայնվում է, շրջանառություններն էլ ավելանում են։

Եթե 2017թ. կատարվել էր 138,5 մլրդ դրամի խաղադրույք, ապա 2021թ. այն կազմեց 3,9 տրիլիոն դրամ՝ չորս տարում ավելանալով 28 անգամով։

Անցած տարվա 11 ամիսներին էլ կատարված խաղադրույքները հասան հերթական ռեկորդային 5,3 տրիլիոն դրամի կամ գրեթե 13 մլրդ դոլարի։

Տարեկան տվյալները դեռ հայտնի չեն, բայց ենթադրվում են, որ դրանք կմոտենան 6 տրիլիոնի։

Այսպիսի ահռելի շրջանառությունների պայմաններում թվում է, թե խաղային բիզնեսը պետք է հսկայական հարկեր վճարեր պետական բյուջե։ Բայց դրանք կատարվող խաղադրույքների համեմատ շատ չնչին են։

Պաշտոնական տվյալներով, բուքմեյքերական 3 ամենախոշոր ընկերությունները միասին անցած տարի պետական բյուջեի նկատմամբ կատարել են ընդամենը 23-24 մլրդ դրամի հարկային պարտավորություններ։

Պատկերացնելու համար ասենք, որ Հայաստանի ամենախոշոր հարկատուն անցած տարի վճարել է 144 մլրդ դրամի հարկ։ Երկրորդ խոշոր հարկատուն վճարել է ավելի քան 52 միլիարդ, իսկ երրորդը՝ 45 մլրդ դրամի հարկ։

Իհարկե, Պետեկամուտների կոմիտեի կողմից վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ անցած տարի խաղային բիզնեսում ընդգրկված ընկերությունների կատարած հարկային պարտավորություններն այս կամ այն չափով ավելացել են։ Բայց մեծ հարց է, թե դրանք որքանո՞վ են տեղավորվում այն ահռելի շրջանառությունների մեջ, որոնք կան այս ոլորտում։

Դատելով անցած տարի վճարած հարկերից, խաղային բիզնեսում ամենախոշորը եղել է «Սոֆթ Կոնստրակտը», որը հանդես է գալիս «Վիվառո» ապրանքային նշանի տակ։ Այս ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած և երբեմն նրանց արտասահմանյան այցերը ֆինանսավորող Բադալյան եղբայրներին։

Անցած տարի «Սոֆթ Կոնստրակտը» պետական բյուջեի նկատմամբ կատարել է 10 մլրդ 825 մլն դրամի հարկային պարտավորություն։ Նախորդ տարի վճարել էր 8 մլրդ 159 մլն դրամ։

Մեկ տարվա ընթացքում ընկերության վճարներն ավելացել են 2 մլրդ 666 մլն դրամով։ Հիմնականում դա տեղի է ունեցել շահութահարկի հաշվին։

Եթե 2021թ. ընկերությունը շահութահարկի գծով կատարել էր 519 մլն դրամի պարտավորություն, ապա 2022թ. այն հասել է գրեթե 2,2 միլիարդի, ինչը ենթադրաբար կապված է ընկերության շահույթների ավելացման հետ։ Մեկ տարվա ընթացքում վճարած շահութահարկի գումարներն ավելացել են 4 անգամով։

Ավելացել են նաև եկամտային հարկի վճարները, բայց, ի տարբերություն շահութահարկի, այս դեպքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Անցած տարի ընկերությունը վճարել է ավելի քան 5,8 մլրդ դրամի եկամտային հարկ՝ 630 միլիոնով ավելի շատ, քան մեկ տարի առաջ։

Եվս շուրջ 2,8 մլրդ դրամ կազմել են այլ հարկային վճարները։

Անցած տարվա խոշորների ցանկում չկան Վիվառոյի հետ փոխկապակցված «Վիվառո Գրուպ» ընկերությունը, որը 2021թ. կատարել էր շուրջ 826 մլն դրամի պարտավորություն։ 2020թ. էլ այդ ընկերության պարտավորությունները գրեթե 1,6 միլիարդի կարգի էին։

Վճարած հարկերի մեծությամբ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը «Կաբարկոն» է, որը փոխկապակցված է Աջարաբեթի հետ։

«Կաբարկոն» անցած տարի վճարել է 7 մլրդ 293 մլն դրամի հարկ։ 2021թ. այս ընկերությունը կատարել էր 4 մլրդ դրամի հարկային պարտավորություն։

Մեկ տարում ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 3,3 միլիարդով։ Ինչպես «Սոֆթ Կոնստրակտի» դեպքում, դա տեղի է ունեցել հիմնականում շահութահարկի հաշվին։ Անցած տարի «Կաբարկոն» նույնիսկ ավելի շատ շահութահարկ է վճարել, քան հարկային պարտավորություններով իրեն զգալիորեն գերազանցած «Սոֆթ Կոնստրակտը»։

«Կաբարկոն» 2022թ. վճարել է 4 մլրդ դրամից ավելի շահութահարկ։ Այնինչ՝ 2021թ. վճարել էր ընդամենը 709 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում ընկերության վճարած շահութահարկի գումարն ավելացել է 5,6 անգամով։

Փոխարենը՝ «Կաբարկոյի» վճարած եկամտային հարկը, ի տարբերություն խաղային բիզնեսի ոլորտում գործող մյուս ընկերությունների, շատ փոքր է՝ հազիվ 370 մլն դրամ։

Ընկերության այլ վճարները կազմել են շուրջ 1,3 միլիարդ։ Դրանից բացի, այն կատարել է նաև ավելի քան 1,6 մլրդ դրամի ԱԱՀ պարտավորություն։ ԱԱՀ պարտավորությունների կատարումը այնքան էլ չի տեղավորվում խաղային բիզնեսի բուն գործունեության մեջ, բայց «Կաբարկոյի» պարագայում դա բավական ակնառու է։ 2021թ. էլ էր այդպես։

Հայտնի բուքմեյքերական գրասենյակներից ակտիվ է եղել նաև Toto-ն, որը հանդես է եկել «Դիջիթեյն» ընկերության միջոցով։ Այն կատարել է 5 մլրդ 559 մլն դրամի հարկային պարտավորություն։ Նախորդ տարվա համեմատ այս ընկերության վճարած հարկերն ավելացել են 1,6 մլրդ դրամով։

Բայց խոշորների ցանկից դուրս է մնացել Toto-ի հետ փոխկապակցված «Դիջիգեյմ» ընկերությունը, որը 2021թ. վճարել էր գրեթե 1,2 մլրդ դրամի հարկ։

Անցած տարի «Դիջիթեյն» ընկերության կատարած հարկային պարտավորությունների գրեթե կեսը եղել է եկամտային հարկի հաշվին։ Այն անցնում է 2,8 մլրդ դրամից։ Այլ հարկերը եղել են 2 մլրդ դրամի շրջանակներում։ Ընկերությունը կատարել է ևս 624 միլիոն դրամի շահութահարկի պարտավորություն։

Սրանք են խաղային բիզնեսի ոլորտում գործող խոշոր ընկերությունները, որոնք անցած տարի վճարել են 23,6 մլրդ դրամի հարկ։ Հարկային այդ պարտավորությունները գոյացել են կատարված ահռելի՝ առնվազն 14 մլրդ դոլար խաղադրույքների պայմաններում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս