Պուտինի խոստումը լսելուց հետո Զելենսկին դուրս է եկել բունկերից. Իսրայելի նախկին վարչապետն ուշագրավ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններից

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը You Tube-ի իր ալիքում հրապարակել է հարցազրույց, որը նա տվել է հաղորդավար Հանոհ Դաումին։ Դրանում պետության նախկին ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում իրեն խոստացել է չսպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Իսրայելցի քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը խնդրել է իրեն միջնորդի դեր ստանձնել և կապ հաստատել Պուտինի հետ։ Բենեթը համաձայնել է։

«Ես նրան (Պուտին) ասացի. «Ուզում եմ պարզաբանել, Դուք խո՞սք եք տալիս ինձ, որ չեք սպանի Զելենսկիին»: Նա պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկին»», – վերհիշել է Բենեթը:

Իսրայելի նախկին վարչապետն ասել է, որ այս զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին և փոխանցել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության բովանդակությունը։ Բենեթի խոսքով՝ այդ ժամանակ Ուկրաինայի առաջնորդը թաքնվում էր բունկերում, սակայն, իմանալով Պուտինի խոստման մասին, դուրս է եկել ապաստարանից, վերադարձել նախագահական և տեսաուղերձով հանդես եկել՝ խոստանալով մնալ Կիևում։

Բենեթի խոսքով՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը սկսվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի մտադրության պատճառով։ Այնուամենայնիվ, գործողության սկզբնական փուլում բանակցությունների ընթացքում, որտեղ Իսրայելի նախկին վարչապետը հանդես էր գալիս որպես միջնորդ, Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարից։

«Այս ամբողջ պատերազմը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի ցանկության պատճառով, բայց հետո Զելենսկին ասաց. «Ես հրաժարվում եմ այս գաղափարից»», – պատմել է Բենեթը:

Բենեթի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստել են գրեթե երկու տասնյակ խաղաղության համաձայնագրերի նախագիծ։

«Մենք ունեինք 17-18 նախագիծ»,- ասել է Բենեթը՝ նշելով, որ նախագծերից ոչ մեկը դեռևս չի հրապարակվել:

Իսրայելի նախկին վարչապետը հավելել է, որ որպես բանակցությունների միջնորդ՝ ինքը համաձայնեցրել է իր գործողությունները «մինչև ամենավերջին մանրուքը» ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, սակայն «նրանք տապալել են բանակցությունները», քանի որ որոշել են «ջարդել Պուտինին ու չբանակցել»:

Տեսանյութեր

Լրահոս