
Իրանը պատրաստակամ է խորացնել Վենեսուելայի հետ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Իրանի և հարավամերիկյան երկրի միջև երկկողմ կապերը՝ բոլոր ոլորտներում։ Նա պնդել է, որ Իրանը սահմաններ չունի Վենեսուելայի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար։
Անդրադառնալով երկու երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին` Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը և Վենեսուելան պետք է համակարգված ջանքեր գործադրեն պատժամիջոցները վերացնելու համար, միաժամանակ, այս առումով նա կոչ է արել իրականացնել երկկողմ համաձայնագրերը:
Իվան Գիլ Պինտոն էլ նշել է, որ Իրանը և Վենեսուելան վերջին տարիներին խոշոր գործընկերներ են եղել երկկողմ և միջազգային խնդիրների հանգուցալուծման առնչությամբ: