«Նախագահ ունենք, Արցախի հարցում վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր. ճանաչեք Արցախը». Հրանտ Բագրատյան
«Տխուր պատկեր ներկայացվեց, բայց մենք լրիվ չենք ասում, թե ինչ է եղել։ Նախ նշենք, որ մեզ հայտնի է մեկ փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ը, պատահաբար ձեռքներիս տակ է հայտնվել դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը, որտեղ Կապան-Ճակատեն ճանապարհը, հայկական հողերը զիջել են Ադրբեջանին, դրանք չեն մտցվում օկուպացված հողերի մեջ։ Մենք համապատասխան ինստիտուտից պարզել ենք, որ Կապան-Ճակատենը կառուցվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ՝ Դանդուրովի ինստիտուտում այդ թղթերը կան։ ՀԽՍՀ նախարարների խորհուրդը չէր կարող ադրբեջանական հողը տալ ճանապարհի համար, ճանապարհը կառուցելուց առաջ կատարվում էր հողահատկացում։ Այստեղ ցինիկաբար հայտարարվում է, թե դա մերը չէր, Էյվազլի-Չայզամի կար, նման բնակավայրեր չկան այդ շրջանում՝ սուտ է»,- այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ի դեպ, խմբակցությունը նաև հայտարարության նախագիծ է ներկայացրել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ
Իսկ Հրանտ Բագրատյանը շարունակելով ելույթը՝ նաև շեշտեց, որ տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ փաստաթղթի տակ են ստորագրել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանն ու Ադրբեջանը, չգիտեն նաև՝ ինչ է ստորագրվել նոյեմբերի 26-ին, այդ թվում՝ չգիտեն, թե ինչ է եղել Սոչիում, կա՞ թուղթ, թե՞ չկա։
«Բայց հիմա նայենք, թե ինչ ենք ստորագրել, մենք միայն այդ հողատարածքները չէ, որ տվել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ըստ էության։ Մենք այնտեղ երկու բան էլ ենք տվել, ժողովուրդ։ Նախ մենք այդ փաստաթղթի 4-րդ կետով սահմանել ենք, որ այն գործում է 5 տարի, այսինքն՝ մնաց 2 տարի, որից հետո Լաչինի միջանցքը կարող է չլինել, որովհետև Ադրբեջանը դրա հետ կարող է չհամաձայնել։ 9-րդ կետով, ըստ իս, մենք չենք օգտագործել «միջանցք» բառը, բայց միջանցք ենք տվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով։
Սրա վրա 5 տարի ժամկետ չկա, կարդացեք այդ փաստաթուղթը, մեկ էջ է ընդամենը։ 4-րդ կետով մենք գրել ենք, որ Հայաստանը հանձնում է Աղդամն ու Քարվաճառը, ինչու Հայաստանը դա գրավե՞լ էր, որ հանձնում է, ՄԱԿ-ի չորս բանաձև է եղել, ես այդ ժամանակ վարչապետ եմ եղել, մեզ հաջողվել է, որպեսզի մեզ որևէ տեղ ագրեսոր չճանաչեն։ Ախպեր, դու համաձայնվում ու դա ստորագրում ես, վաղը գալու է… արդեն կա, հիմա ես որ սա ասում եմ, հաճախ ինձ հրավիրում են համապատասխան տեղեր, ասում են՝ ինչո՞ւ ես հուշում Ադրբեջանին, իբր ես հուշում եմ Ադրբեջանին՚ Ադրբեջանը հայտարարել է, որ 50 մլրդ դրամի ռեպարացիա է դնելու Հայաստանի վրա, հավատացեք, ինքը դրան հասնելու է, որովհետև ստորագրում ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա, Հայաստանի, պետության գլուխը նախագահն է, ավելին՝ ՀՀ 4-րդ նախագահը հայտարարում էր, թե մամուլից է իմացել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին և կարող էր այն չեղարկել։
«5-րդ նախագահ կա, այսօրվանը՝ նա էլ է պարտավոր ասել, վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր, պետության գլուխը Սահմանադրությամբ նրանք են, այս տեսակետից Փաշինյանի արածները քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին։ Այսօր նեղանում են, վայնասուն են բարձրացրել Լավրովի ասածների համար, ի՞նչ է ասել Լավրովը, տո շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե 12։ Կարդացեք, տեսեք, թե Ադրբեջանն ինչպես է ոռնում այդ հայտարարության վրա, կարո՞ղ է ճիշտ չեմ, նույնիսկ այսօր Լավրովը հասկացնում է , որ բուն Արցախի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն՝ ամբողջությամբ չեն տեսնում Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Մարասաները՝ 168.am-ի տեսանյութում