Պայմանավորվե՞լ են արդյոք Փաշինյանն ու Պուտինը

Լաչինի միջանցքի շրջափակման հարցը քննարկվել է Փաշինյան-Պուտին և Լավրով-Բայրամով հեռախոսազրույցների ընթացքում։

Նախօրեին՝ Լաչինի միջանցքի շրջափակման 51-րդ օրը, Նիկալ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, անդրադառնալով  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, և կարևորել, ըստ պաշտոնական հաղորդագրության, դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

«Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթի հետևողական իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի»,- ասված է Կրեմլինի հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցին, որը վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երրորդն է, քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։

Ուշագրավ է նաև, որ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը և այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ի տարբերություն նախորդ՝ հունվարի 17-ի Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի, որում Լավրովը շեշտել էր Լաչինի միջանցքի շուտափույթ բացման  անհրաժեշտությունը, այս հեռախոսազրույցում նման կոչ չկա, և կողմերը սահմանափակվել են միայն միջանցքի բացման ուղիներով։

168am-ի հարցին, թե ի՞նչ է քննարկվել այս հեռախոսազրույցների ընթացքում, և արդյո՞ք գտնվել է լուծում Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով երկու հաղորդագրությունների բառապաշարից, իրավիճակի կարգավորման որևէ հստակ տեսլական չկա, և այն հայկական կողմի, այսինքն՝ Երևանի հետ չի քննարկվում։

Ըստ նրա, կան անընդհատ բնույթի ռուս-ադրբեջանական կոնտակտներ այս թեմայով, բայց հայկական կողմի հետ ակտիվ քննարկում չկա։

«Շատ բարդ է ասել, թե որ կողմն է որ կողմին դուրս դրել այս խոսակցությունից։ Բայց մենք տեսնում ենք, որ հայկական կողմը հրաժարվել էր հանդիպման մեկնել Մոսկվա, չկան ԱԳ նախարարների մակարդակով շփումներ, այս թեմայով հեռախոսազրույցներ, բայց պաշտոնական Երևանն անընդհատ հայտարարում է, որ ինչ-որ քայլեր է ակնկալում Մոսկվայից, ողջ պատասխանատվությունը դրված է Ռուսաստանի վրա անընդհատ քննադատությունների ու դժգոհությունների տարրերով։ Սրան զուգահեռ՝ Հայաստանը ակտիվ համագործակցության նշաններ է ցույց տալիս Արևմուտքի հետ, դիտորդական նոր առաքելություն խնդրում և նախընտրում աշխատել այս ուղղության վրա, համագործակցային տրամաբանություն ռուսական կողմի հետ չկա»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ղեկավարների մակարդակով հեռախոսազրույցին, ապա, նրա խոսքով, սա ևս ընթացիկ հեռախոսազրույց էր՝ առանց հստակ, առարկայական քննարկման, թե ինչ ուղիներով խնդիրը պետք է լուծվի, որևէ պայմանավորվածություն չկա։

«Ընդհանուր առմամբ հայ-ռուսական երկխոսությունն այսօր մի շարք մակարդակներում խզված է և չի կարող ունենալ այն արդյունավետությունն ու կառուցողականությունը, ինչ լավ հարաբերությունների պարագայում։ Պարզ է, չէ՞, որ ռուսական կողմին անընդհատ հրապարակային դժգոհությունները, մեղմ ասած, չեն գոհացնելու, դա ազդում է՝ ինչպես երկկողմ  մթնոլորտի, այնպես էլ՝ խնդիրների լուծման վրա։ Բայց Բաքուն այնպիսի իրավիճակում է, որ իրեն թույլ է տալիս հաշվի չնստել ո՛չ Մոսկվայի հորդորների, ո՛չ էլ այլ տերությունների հորդորների հետ։ Մենք լսեցինք նաև Բլինքենի կոչը՝ բացել միջանցքը, և ի՞նչ արդյունք դա տվեց, ոչ մի։  Բաքուն վստահ է, որ իր հանդեպ արևմտյան պատժամիջոցներ չեն լինի, այդ մասին հստակ հայտարարվում է, կտրուկ հայտարարություններ և կտրուկ քայլեր Բաքվի հանդեպ չեն լինելու»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս