Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը
Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը:
Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:
«Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», – ասաց Լեո Դոքերթին:
Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:
«Այս շրջափակումը շարունակվում է 50 օր: Դրա հետևանքով երեխաները թերսնման վտանգի առաջ են կանգնած, քանի որ նրանց չի հասնում բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Մենք նաև տեսել ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են արտադատական սպանություններ, պահվող անձանց նկատմամբ ոտնձգություններ», – ասաց Ռուփա Հաքը:
Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա:
«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը միջազգային անկախ լուծումներ ստանա», – եզրափակեց խոսքը պատգամավորը:
Ի պատասխան՝ Լեո Դոքերթին դարձյալ կրկնեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է վերադարձ բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը նա կշեշտի առաջիկա ամիսներին տարածաշրջան նախատեսված այցի ժամանակ: