ԿԲ գնահատմամբ՝ Հայաստանի ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է
ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացում: Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
2023թ. հունվարի 31-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%:
2022թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.5%:
2022 թվականի վերջին համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է: Համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ:
«Այնուամենայնիվ, հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,-ասաց Գալստյանը:
ԿԲ գնահատմամբ՝ 2022թ-ի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Միաժամանակ, պահպանվել են արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացման դրական միտումները ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում:
«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռևս արտահայտվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին»,-ասաց Գլխավոր դրամատան նախագահը:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գների կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ ԿԲ-ից վստահեցնում են՝ ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը: