Արմեն Գրիգորյանին պետք էր չեզոքացնել, իսկ յուրայինները կարող են ներազգային թշնամանք տարածել. ինչո՞ւ են խուլ ու համր իրավապահ մարմինները

2022թ. մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մշտապես իր սուր քննադատության թիրախում էր պահում գործող իշխանություններին: Ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

««Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- մասնավորապես ասվում էր հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն նաև զգուշացրել էր, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սա հիշենք. 2022թ. մայիսին ԱԱԾ-ն խոստացել էր հետամուտ լինել նման դեպքերը բացահայտելուն ու պատշաճ քրեաիրավական գնահատականի արժանացնելուն:

Կարդացեք նաև

Արմեն Գրիգորյանը մասկի-շոուով ձերբակալվեց, ապա կալանավորվեց… Կալանավորվեց միայն խոսելու, իր մտահոգությունն արտահայտելու համար: Կալանավորվեց նախ իշխանությունների սրտի կալանք տվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից, ով ինքը ներկայումս կալանավորված է: Հատուկ պետք է շեշտել, որ Արմեն Գրիգորյանի կալանքի որոշումը անփոփոխ թողնվեց մեկ այլ կին դատավորի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի կողմից, և այս երկու կանայք, ինչպես նաև այս գործով մեղադրող դատախազը, քննիչը, հսկող դատախազը հավասարապես կիսում են Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանի գործով դատախազին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շռայլորեն պարգևատրեց. Հայկ Երեմյանը ամիսներ անց՝ սեպտեմբերի 30-ին, նշանակվեց ՀՀ Քննչական կոմիտեի Ներքին անվտանգության վարչության պետ:

Արմեն Գրիգորյանը 2 ամիս կալանավորված մնալուց հետո մահացավ դատարանի դահլիճում իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ, մահացավ ակնթարթորեն, երբ րոպեներ առաջ ժպտալով ողջունում էր իր աջակիցներին:

Իսկ նման ներազգային թշնամանք հարուցելու դեպքերը բացառելուն հետամուտ ՀՀ ԱԱԾ-ի համար Արմեն Գրիգորյանը դարձավ առաջին ու միակ կալանավորված անձը… Որովհետև Արմեն Գրիգորյանի խոսքը սուր էր, անհանգստացնում էր Նիկոլ Փաշինյանին ու նրա հենարան իրավապահ մարմիններին, որովհետև Արմեն  Գրիգորյանը պետք է չեզոքացվեր, ինչը և արվեց:

Մինչդեռ իրապես ներազգային թշնամանք տարածողների պակաս մեր հասարակության մեջ չկա, ու դրանք բոլորը բացառապես Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, բայց նրանց դա թույլ է տրված, ավելին՝ խրախուսվում է:

ՔՊ-ական Ռուստամ Ավագյանը, ով նախորդ տարվա մայիսին՝ ընդդիմադիր շարժման զանգվածային ցույցերի ու անհնազանդության միջոցառումների սկսման երկրորդ օրը տեսանյութ էր նկարահանել, ուր կոկորդը պատռելով, ամենաայլանդակ հայհոյանքներն ու անեծքներն էր տեղում ինչպես Արցախի ու արցախահայության, այնպես էլ ընդդիմադիր շարժմանն իրենց մասնակցությունը բերած մարդկանց հասցեին, չկալանավորվեց, անգամ չձերբակալվեց, թեպետ նույն հոդվածով գործը հարուցված էր հասարակական ճնշման արդյունքում:

Դեռ նախորդ տարվա օգոստոսին, երբ 168.am ԱԱԾ-ին հարցրել էր՝ ի՞նչ հոդվածով է հարուցված Ռուստամ Ավագյանի վերաբերյալ քրեական վարույթը, և արդյո՞ք ԱԱԾ-ն վերջինիս կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան, հետևյալ պատասխանն էր ստացել՝ «նախնական քննության տվյալները հրապարակման ենթակա չեն»:  

Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձր հովանու տակ գտնվող մեկ այլ անձ, իրավապաշտպան ներկայացող սորոսական Սաշիկ Սուլթանյանը, ով մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար, նույնպես կալանավորված չէ:

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն էր հետևողական եղել, որ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ գործ հարուցվի հիշյալ մեղադրանքով: Նա ԱԱԾ-ին էր ներկայացրել վերջինիս մի հարցազրույցի ձայնագրությունը, ուր Սաշիկ Սուլթանյանը ասում է. «Եզդիների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանության հարցում: ՀՀ-ում չի դասավանդվում եզդիերեն լեզուն, միայն հետընթաց է ապրում, եզդիները կորցնում են իրենց մշակույթը»:

«1988թ. ընթացքում ՀՀ-ում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը: Եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից»: Խոսքը գնում է Ղարաբաղյան շարժման մասին: Այսինքն, ըստ պարոն Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» հետ հանդիպելուց և գումար վերցնելուց հետո 1988թ. Ղարաբաղյան շարժումը շովինիստական էր, որի պահանջն էր, որ ՀՀ-ում բնակվեին միայն հայերը: Ասում է, թե եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, առկա է վախ իրենց ապագայի վերաբերյալ, եզդիները գնում են Ռուսաստան, որտեղ  տնտեսապես ավելի վատ են ապրում, քան Հայաստանում, սակայն հետ չեն վերադառնում: Հայերի և եզդիների համատեղ բնակության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը եզդի լինի: Եզդիներին արգելված է խոսել իրենց խնդիրների մասին»,- այս թեմայի շուրջ տված մամլո ասուլիսի ընթացքում Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցից հատվածներ էր մեջբերել Նարեկ Մալյանը:

Սաշիկ Սուլթանյանը, բնականաբար, նույնպես չձերբակալվեց ու չկալանավորվեց: Ավելին, իրավապաշտպան կոչվածը, ով ընդունելության էր արժանանում ԱՄՆ արդեն նախկին դեսպանի Լին Թրեյսիի մոտ ու նրա հետ ջերմ լուսանկարվում, այժմ Ֆրանսիայում է և դժվար էլ հետ գա:

2022թ. հոկտեմբերի 26-ին դատախազը միջնորդություն ներկայացրեց փոփոխել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հայտարարել հետախուզում։ Դատախազի ներկայացմամբ՝ Սաշիկ Սուլթանյանը դատական երկու նիստին ներկայանալու համար պատշաճ ծանուցված լինելու դեպքում չի ներկայացել նիստերին, ուստի ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, առկա է դատական քննությանը խոչընդոտելու հիմքը։ Հետախուզումը հայտարարվեց, բայց դա Սաշիկ Սուլթանյանի համար ըստ էության մեկ է:

Ներազգային թշնամանքի դեմն առնող ԱԱԾ-ն այնքան «հետևողական է» պայքարում դրա դեմ, որ այդ դեպքերը միայն աճում են, ու այս վիճակագրությունն ավելացնողները, չգիտես ինչպես, միայն Նիկոլ Փաշինյանին աջակցող խմբերն են ու հանրային քաղաքական գործիչները, բայց նրանց նկատմամբ որևէ գործընթաց չի իրականացվում:

Հերթական մտքի թռիչքը չուշացավ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Քանի որ էսօր (ու վերջին 200 տարին) Հայաստանի համար մեկ թշնամին Ռուսաստանն է, կարիք կա արձանագրելու, որ Ռուսաստանի հայերը նախ ՌԴ քաղաքացի են, հետո նոր՝ հայ, եթե առհասարակ հայ են»:

Իրավապաշտպա Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ ասել էր՝ «Եթե իրավական, այլ ոչ թե ոստիկանական պետություն ունենայինք, ապա այս գրառման հիման վրա կհարուցվեր քրեական վարույթ ՀՀ քր.օր. 329 հոդվածով՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի նկատմամբ թշնամանք հարուցելու փաստի առթիվ։ Բայց քանի որ չունենք իրավական պետություն, 329 հոդվածը կիրառվում է բացառապես բարձրաստիճան քպ-ականներին պաշտպանելու համար»։

Գարեգին Միսկարյանը, ով ժամանակին սելֆի էր հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ կառավարական աշխատասենյակից, այսօր փորձել է «պարզաբանել» իր նախորդ գրառումը, սակայն հիշեցրել էր, որ այդ գրառումը չդիտարկեն որպես արդարացման փորձ:

Ինչևէ, այս մարդու հետ ամեն ինչ պարզ է. օրինակ, նա կարծում է, որ «Հայաստանի հանրապետությունը բանակ չի ունեցել և դեռ չունի: Բանակը մի կողմից եղել է օլիգարխիկ համակարգում դիրք զբաղեցնելու միջոց գեներալների համար, մյուս կողմից նոր կյանք մտնող ՀՀ քաղաքացուն արժեզրկելու, նսեմացնելու միջոց/միջավայր: Հայաստանում բանակ նոր պիտի ստեղծվի՝ զրոյից, ինչպես մյուս բոլոր ինստիտուտները»:

Իսկ թե օրինակ ի՞նչ է մտածում ՀՀ իրավապահ համակարգը, ով այնքան ջանասիրաբար կալանավորեց Արմեն Գրիգորյանին ու չեզոքացրեց նրան, փորձեցինք հենց նրանցից էլ պարզել:

ՀՀ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին՝ Դատախազությունը Գարեգին Միսկարյանի գրառմանն ընթացք չի տվել, իսկ ՀՀ ԱԱԾ-ի հետ, իհարկե, հնարավոր չեղավ կապ հաստատել:

Տեսանյութեր

Լրահոս