Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. նրան կկալանավորեն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակում էր քննել իրեն իրավապաշտպան անվանող, սորոսական Սաշիկ Սուլթանյանի գործը:
Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), հայ և եզդի ժողովուրդների միջև ազգամիջյան թշնամանք տարածելու համար:
Հիշեցնենք՝ Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ ձայնագրությունը ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը փոխանցել էր Ազգային անվտանգության ծառայությանը:
Այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդություն ներկայացրեց փոփոխել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հայտարարել հետախուզում։ Դատախազի ներկայացմամբ՝ Սաշիկ Սուլթանյանը դատական երկու նիստին ներկայանալու համար պատշաճ ծանուցված լինելու դեպքում չի ներկայացել նիստերին, ուստի ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, առկա է դատական քննությանը խոչընդոտելու հիմքը։
«Սաշիկ Սուլթանյանը գտնվելով ՀՀ սահմաններից դուրս՝ փաստացի թաքնվում է քրեական վարույթ իրականացնող մարմնից»,- ասել է մեղադրող կողմը։
Դատարանը բավարարեց Սուլթանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին դատախազի միջնորդությունը։
«Սույն կոոպերատիվ «իրավապաշտպանը» կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից փող էր վերցրել, որպեսզի ազգամիջյան թշնամություն հրահրի հայ և եզդի եղբայրական ժողովուրդների միջև: Դեռևս 2020 թվականին այս հարցով գրավոր դիմել էի ԱԱԾ, որպեսզի միջոցներ ձեռք առնվեին այս հանցագործի վճարվող գործունեությունը կանխելու ուղղությամբ»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը:
Նա նաև հայտնել է, որ Սաշիկ Սուլթանյանն ամիսներ առաջ փախուստի է դիմել Ֆրանսիա:
«Պրոդուսեր Արմեն Գրիգորյանին հետապնդում էին քրեական օրենսգրքի նույն հոդվածով, սակայն ի տարբերություն սորոսականի՝ Արմեն Գրիգորյանին առաջին օրվանից կալանավորեցին և ըստ էության սպանեցին: Սորոսականը հիմա Ֆրանսիայում է, Արմեն Գրիգորյանը՝ մահացած է: Սա է մեր արդարադատության երկակի ստանդարտները»,- ասել է Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ Սաշիկ Սուլթանյանի կալանքի մասով դատարանում չի առարկել նույնիսկ նրա փաստաբանը:
Նարեկ Մալյանը նաև լուսանկար էր հրապարակել, ուր Սաշիկ Սուլթանյանը պատկերված էր ԱՄՆ դեսպանի հետ: