Քլինթոնը, Բուշը և Օբաման հայտարարել են, որ հանձնել են բոլոր գաղտնի փաստաթղթերը. CNN
ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բոլոր գաղտնի փաստաթղթերը հանձնել են Ազգային արխիվ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երեք քաղաքական գործիչների ներկայացուցիչների հայտարարությունները:
Վերջին ամիսներին ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ կապված վայրերում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել: Վերջին նման բացահայտումն արվել է Մայք Փենսի՝ Ինդիանայում գտնվող տանը:
Ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահների տներում կամ աշխատավայրերում խուզարկություններ չեն իրականացվում: Նրանք վստահեցրել են, որ ղեկավարները հետևել են Սպիտակ տան կողմից սահմանված կանոններին:
«Նախագահ Քլինթոնի բոլոր գաղտնի նյութերը պատշաճ կերպով փոխանցվել են Արխիվների ազգային վարչություն՝ Նախագահական փաստաթղթերի մասին օրենքին համապատասխան», – ասել է Քլինթոնի ներկայացուցիչը: Բուշը և Օբաման, ըստ նրանց ներկայացուցիչների, պետության տնօրինությանն են հանձնել ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի նյութերը: Արխիվը շարունակում է պահել փաստաթղթերը նաև այժմ, նշել Է Օբամայի գրասենյակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարին հայտնի դարձավ, որ գաղտնի փաստաթղթերի խմբաքանակ են գտել Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում: Դրանք վերաբերում են այն ժամանակին, երբ Բայդենն զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
Սպիտակ տան տվյալներով՝ փաստաթղթերը հայտնաբերել են պետության ղեկավարի փաստաբանները 2022 թ. նոյեմբերին։ Փաստաթղթերը գտնվել են գրասենյակային շենքում, որը Բայդենն օգտագործել է 2017-2019 թթ.-ին՝ մինչև այն պահը, երբ նա հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։ Ավելի ուշ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաև Բայդենի՝ Ուիլմինգթոնում գտնվող տանը:
2022 թ. օգոստոսին գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերվել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում խուզարկության արդյունքում: Թրամփը պնդում է, որ իր կողմից ոչ մի խախտում չԷր կարող լինել, քանի որ ինքը՝ որպես նախագահ, լիազորություններ ուներ՝ գաղտնազերծելու իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։
Բացառություն կարող Էին լինել միջուկային ոլորտին առնչվող նյութերը. այստեղ նախագահի գաղտնազերծման լիազորությունները սահմանափակ են։ Ըստ The Washington Post թերթի՝ հենց նման փաստաթղթեր են հայտնաբերվել Մար-ա-Լագոյում: