Հարցեր առաջացնող հարցազրույց, ուղղորդված նախաքննություն ու 15 ողջակիզված զինվոր՝ հրդեհից մի շաբաթ անց

«Քնած էինք մենք, ճչոցներից եմ ես վեր թռել տեղիցս: Վեր կացա տեղիցս, արդեն կրակը ներս էր մտնում սենյակից»,- հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոց կոչվածի զարհուրելի հրդեհից փրկված 3 անձանցից մեկի՝ ժամկետային զինծառայող Գարուշի խոսքերն են FACTOR.TV-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

«Որ արթնացա, խառը իրավիճակ էր, մարդիկ կային, որ փորձում էին դուռը ջարդել, ես էլ փորձեցի, չկարողացա ջարդեմ: Արդեն վազվզող մարդիկ կային, հրդեհն արդեն դռնից մի մետր էս կողմ էր հասել»,- ասում է փրկված զինվորը:

Հիշեցնենք, որ ողբերգությունից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում  Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը ենթադրել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից։

Կարդացեք նաև

«Իրականացրեցինք մաքրման, քանդման աշխատանքներ, որ մոտենային մեր զինվորներին: Բայց արդեն իսկ հենց առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ, և ինչից մենք դա հասկացանք, որ իրենք մահճակալներին անշարժացած պառկած վիճակում էին հայտնաբերված: 14-ը 15-ից»,- ասել էր նա:

Վիրավոր զինծառայողը, սակայն, հերքեց այդ պնդումը:

«Ես, ճիշտն ասած, չեմ նկատել էդ պահին մարդ, որ պառկած լիներ: Հաստատ չեմ հիշում: Ես պառկած մարդ չեմ տեսել: Հիշում եմ, որ խառը իրավիճակ էր, մարդիկ կային վազվզող, դաժե ինձ բրթող մարդիկ կային: Ամենքն իրենց ճամփեն էին ման գալիս, ոնց դուրս գան: Բայց ասում են, որ իբր բացի ինձանից ու մի հոգի, ով որ դուրս ա եկել պատուհանից, սաղ, ասում են, պառկած են եղել իրենց տեղերում, բայց ես իմ աչքի տեսածին եմ հավատում»,- ասել էր զինվորը:

Հաջորդիվ նա  ներկայացրել էր դեպքին հաջորդած իրադարձությունները:

«Տունը մի փոքր միջանցք էր, հետո նոր՝ էդ մեր զալը: Էդ զալի դռնից մոտավորապես մի 1-1.5 մետր դեպի ձախ դրված էր պեչկը: Փայտի վառարան էր… Տենց մի կերպ հասել եմ էդ 2-րդ պատուհանի տակ, լսել եմ, որ էդ պատուհանը ջարդեցին, էդ ձենից վեր եմ թռե, գնացել եմ պատուհանի տակ, որ գոնե կարողանամ օդ շնչեմ, մինչև ուսերս ռեշոտկաների արանքից դուրս եմ եկել, մնացածը տղերքը քաշել-հանել են: Դուրս եկա, հասցրել եմ վազեմ ձյան վրա, որովհետև ոտերիցս արյունը չռռում էր, չէի դիմանում, սիրտս թուլանում էր: Ձյան վրա եմ պպզել, որ գոնե ոտքերս սառչեն, չուշաթափվեմ: Հետո գյուղացիք են ավտոն նստեցրել ու հասցրել հիվանդանոց»,- ասել է զինվորը:

Նրա խոսքով՝ վնասվել են իր երկու ոտքերը:

«Ինձ ուղղակի իրոք իմ դոշակն ա փրկել, որ իմ երեսն ու ձեռքերը չեն վնասվել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ողբերգության առավոտյան կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունը գցելով անմիջական քաղաքական պատասխանատուի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրայից, նրա հետ միասին ողջ մեղքը առանց որևէ ծառայողական քննության բարդեց բանակային երկրորդ կորպուսի վրա՝ հիմնովին գլխատելով այն:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղորդելով քննությանը, առաջ քաշեց հիմնական վարկած, թե իբր վիրավոր կապիտանն է շփոթմամբ ավտոբենզինի 5 լիտրանոց տարայով փորձել հանգցնել հրդեհը, ինչն էլ դարձել է դրա բորբոքման ու տարածման պատճառ:

Վիրավոր զինվորը հերքեց նաև այս վարկածը:

«Փետի թեփը մեշոկներով հավաքել էինք, շիշ էինք կտրում, գդալ-գդալ, 1-2 գդալ սալյարկան թեփին ավելացնում էինք, լցնում էինք պեչկի մեջ, թեփը կպնում էր, սկսում էր կրակը վառվել: Դրա մեջ ինչ-որ ապասնի բան չկար, որ կարար բան կատարվեր»,- ասել էր զինվորը՝ հավելելով, որ ավտոբենզին տարածքում եղել է իրենց տրակտորների համար:

Նա նաև նշել էր, որ հակահրդեհային պաշտպանության միջոցներ զորանոց կոչվածում չեն եղել:

«Տեսել եմ էդ հակահրդեհային բանից, վերջացել էր, տան կռիշն էր գցած»,- եզրափակել էր վիրավոր զինվորը:

Տեսանյութեր

Լրահոս