Քաղաքական պատասխանատվություն ասվածը ոչ ոք չի չեղարկել. ինչո՞ւ է այս իրավիճակում Մովսես Հակոբյանը վտանգը հեռացնում Սուրեն Պապիկյանից

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պաշտպանության նախարարության՝ վաղ առավոտյան տարածած այս բոթով այսօր բացվեց լույսը:

15 ընտանիքների լույսը մարեց դիլետանտ կառավարիչների առնվազն հանցավոր անփութության արդյունքում ծագած ողբերգության պատճառով:

Կարդացեք նաև

Հուսանք՝ մի օր, այնուամենայնիվ, կիմանանք՝ ինչ եղավ այս գիշեր, ինչու մահացան 15 զինծառայողներ, և արդյո՞ք ողբերգության պատճառն իրականում հրդեհն էր:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, News.am-ի հետ զրույցում  ասել էր՝ իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն:

«Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են՝ առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի՝ այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու՝ մարդուն ազատում են պաշտոնից»,- ասել է նա:

Անդրադառնալով այն տեսակետին, որ այս դեպքում ավելի բարոյական կլիներ, որ պաշտպանության նախարարը հրաժարական տար, Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Ես բարոյականը չգիտեմ, ես գիտեմ՝ օրենքը որն է, իսկ օրենքը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին: Մեղավորներին պարզելուց հետո նոր որոշում կկայացվի»:

Մովսես Հակոբյանը, ով ողջունել էր Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումն ու ասել էր, որ վերջինս կդառնա լավագույն ՊՆ նախարարը, ճիշտ դիտարկում է անում, երբ ասում է՝ առանց քննության ողջ սպայական կազմին աշխատանքից ազատելը խնդիր է: Այո, խնդիր է, հատկապես, եթե հաշվի առնենք առկա տխուր փորձը, երբ պատերազմից առաջ գլխատեցին բանակի հրամկազմն ու փորձառու, տեղանքին ու զինվորական գործին քաջածանոթ սպաներին փոխարինեցին դիլետանտներով: Դրա արդյունքում մենք ունեցանք ոչ պարտադիր հարյուրավոր զոհեր, երբ սպաներն իրենք էլ խոստովանում են, որ, օրինակ, տասնյակ զինվորների տարել են հանձնված տարածքներ, որովհետև տեղանքին լավ չեն տիրապետել:

Այս դեպքում ևս 2-րդ բանակային կորպուսը գլխատելով ու նրանց չգիտես թե ումով փոխարինելով՝ սպառնալիք է ստեղծվում մեր՝ առանց այդ էլ փխրուն անվտանգության համար:

Սակայն Մովսես Հակոբյանը պետք է որ լավ իմանա՝ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և երբ քո ղեկավարած բանակում ունենում ես ոչ մարտական զոհերի այսպիսի խայտառակ քանակություն, երբ 15 զինծառայող կենդանի-կենդանի այրվում է քնած ժամանակ, դա առաջին հերթին պետք է ունենա հետևանք հենց նախարարի համար և հենց պաշտոնանկության տեսքով:

Նախարարը պատասխանատվություն է կրում, ընդ որում՝ թե բարոյական՝ այդ խայտառակ «բարդակի» համար, թե քաղաքական:

Քաղաքական պատասխանատվություն ասվածը ոչ ոք չի չեղարկել, և անհասկանալի է՝ ինչու է այս իրավիճակում Մովսես Հակոբյանը վտանգը հեռացնում Սուրեն Պապիկյանից:

Տեսանյութեր

Լրահոս