«Իրենց իրավապաշտպան համարող շատ կազմակերպություններ միտումնավոր զբաղված են եղել բանակը վարկաբեկելով». Հոգեբան

Բանակի բարոյահոգեբանական վիճակի վերականգնման համար հոգեբան Կարինե Նալչաջյանը տեսնում է իշխանափոխութան անհրաժեշտություն: Բանակում առկա մթնոլորտը քննարկումների ծիրում է հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ ամենատարբեր դրվագներով, վերջինը՝ Ազատ գյուղի զորանոցի ողբերգական հրդեհն էր։

«Բանակի վարկաբեկումը սկսվել է վաղուց. ուժերը, որոնք ուզում են մեր երկիրը ժողովրդի հետ վերացնել, վաղուց են սկսել խորքով աշխատել այդ ուղղությամբ: Դեռ տարիներ առաջ իրենց իրավապաշտպան համարող շատ կազմակերպություններ միտումնավոր զբաղված են եղել բանակը վարկաբեկելով:

Այդ չարաբաստիկ 2018 թվականից հետո դրանք անցան շատ ավելի կոնկրետ քայլերի՝ սկսեցին հերոսների վարկաբեկումով և այլն: Բավական է տեսնել մեր այսօրվա բանակի վիճակը, թե ինչ պայմաններում են մեր զինվորները ծառայում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանը նկատեց՝ թեև բանակը հասարակության հայելին է, սակայն այսօր, երբ հասարակությունը տեսնում է, թե ինչքան անպաշտպան վիճակում է հայտնվել պաշտպանողը, չի կարող անկումային տրամադրություններ չունենալ՝ մինչդեռ հենց «հասարակությունն է մատակարարում բանակային կադրերին»:

Կարդացեք նաև

«Ի՞նչ անել» հարցի պատասխանը Կարինե Նալչաջյանը սկսում է հորդորով՝ հասարակությունը պետք է դուրս գա զոհի կարգավիճակից, հաղթահարի վախի մթնոլորտը, որը հետևողական աշխատանքի շնորհիվ ընդգրկում է հանրության բոլոր հատվածները.

«Ի՞նչ կա ավելի սարսափելի, քան, երբ ուղղակի անունը «զինվոր» դրած՝ տղաներին տանում են սպանդի, իսկ 44-օրյա պատերազմն էլ էր այդ տրամաբանության մեջ, այժմ՝ այդ տղաների հետ կապված ողբերգությունը:

Պետք է ճիշտ հակաքարոզչություն, որ մարդիկ հասկանան՝ վախենալով գնում ենք դեպի ոչնչացում: Չպետք է վախենալ, պետք է պայքարի ջիղ արթնացնել, և այստեղ ես շատ եմ կարևորում կանանց դերը, որովհետև ինչ-որ պահեր կան, որ մայրը պետք է տեր կանգնի ընտանիքին, երկրին, հայրենիքին:

Առհասարակ, կենսաբանական համակարգերում, երբ համակարգը սպառնալիքի առաջ է հայտնվում, իգական կեսն ակտիվանում է: Այժմ մեր սոցիալական համակարգը՝ մեր հայրենիքն է, ու մենք պետք է պահանջողի դերում հանդես գանք. ծնողները, ում զավակներն այսօր ծառայում են, իրենք պետք է ակտիվանան, ու շատ հնարավոր է՝ իրենք դառնան այն առաջամարտիկները, որոնց հետևից կգնան մյուսները:

Թող ասեն իշխանությանը՝ դուք ձեր դերը չեք կատարում, հեռացեք. սրանցից սպասել ինչ-որ բարեփոխում, այս կամ այն հարցի լուծում, անհնարին է, ֆանտաստիկայի ժանրից է: Այս իշխանությունների հեռանալու պարագայում՝ հնարավոր է երկիրն այս վիճակից հանել, ոտքի կանգնեցնել»:

Հոգեբանը շեշտեց, որ չպետք է կուլ տալ հրամցվող խայծերը, չպետք է տրվել տարանջատումներին և արմատախիլ անել մտածողությունը, թե՝ «ինչի՞ երեխայիս Արցախ ուղարկեմ»:

«Ի՞նչ է՝ քո ցավն ավելի թեթև է, որ քո զավակը Վարդենիսի մատույցներում կամ Ջերմուկում զոհվի՞»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս