Երբ չկա պետություն… «Ուժեղ մնա, Արցախ…»

Ռուսաստանաբնակ, ծագումով հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում 3 ժամ 32 րոպե տևած պայքարում 6։3, 6։4, 3։6, 7։6 հաշվով ամերիկացի Ֆրենսիս Տիաֆուին հաղթելուց հետո Մելբուռնում հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել Արցախին։

Թենիսի կորտից դուրս գալով՝ նա տեսախցիկներից մեկի օբյեկտիվի վրա թողել է անգլերեն մակագրություն՝ «Արցախ, մնա ուժեղ!!!»։

Ի դեպ, 2020թ. հոկտեմբերին 2-ին՝ 44-օրյա զարհուրելի պատերազմի սկզբից օրեր անց, Կարեն Խաչանովն իր սոցցանցային էջերում գրել էր.

«Սարսափելի տագնապով եմ հետևում Հայաստանից եկող նորություններին։ Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, սակայն միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչ հոգուս խորքը ցավում եմ` տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որին ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել եւ չեն ուզում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ, անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին` հայերը կողմ են խաղաղության»:

Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունն անցկացվում է ամեն տարի հունվարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։

Ունի շատ հին պատմություն. առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։

Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է. մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։

Այնտեղ անցկացվում են տղամարդկանց և կանանց մենախաղերը, տղամարդկանց, կանանց և խառը զուգախաղերը, ինչպես նաև` հաշմանդամների, լեգենդների և ցուցադրական միջոցառումներ։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։

Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն:

Սա պատմական էքսկուրս էր բոլոր նրանց համար, ովքեր չեն պատկերացնում՝ ինչ է Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունը, մասնագիտական պրոֆեսիոնալ առումով ինչ բարձունք է գրավել մեր հայրենակիցը և ինչ արեց երեկ:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի սիրահարների համար մոտավորապես նույնն է, ինչ ասենք Չեմպիոնների լիգան կամ Եվրագավաթային այլ մրցաշարերը ֆուտբոլի երկրպագուների համար:

Հարյուրավոր տեսախցիկների տակ, ուղիղ եթերում, միլիոնավոր երկրպագուների աչքի առաջ Կարեն Խաչանովն Արցախ աշխարհին կոչ է անում դիմանալ, աշխարհի մարդկանց իրազեկ է դարձնում լեռների մեջ ծվարած ու թշնամի պետության շրջափակման ներքո գտնվող 120 000 արցախցիների ցավին ու տոկունությանը:

Մեր, մեր ինքնությունն աշխարհին ներկայացնող մեր հայրենակիցների այսօրինակ գործողությունները կարող են մեր խնդիրն էլ ավելի ճանաչելի դարձնել աշխարհում, հատկապես, երբ ՀՀ-ն որպես պետություն՝ իր այդ գործառույթը չի կատարում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» Where are you from (Որտեղից ես) հաղորդաշարի ժամանակ պատմել էր Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին, նկարել իր հայրենիքի՝ Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին:

Տեսանյութը տարածվել էր աշխարհով մեկ, ունեցել միլիոնավոր դիտումներ, իսկ Ադրբեջանն էլ ֆուտբոլային կառույցներին բողոքի նոտա էր հղել այդ առնչությամբ, բայց դա, բնականաբար, մեր լեգենդար խաղացողին չէր անհանգստացրել:

Տեսանյութեր

Լրահոս