Օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը կտրամադրվի առավել պարզեցված ընթացակարգով
Կառավարությունը հաստատել է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների թույլտվության տրման կարգերը:
Հիմնավորման համաձայն՝ օրենքով սահմանվում է Հայաստանում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց կառավարության քննարկմանը ներկայացնելու։
Որոշման ընդունմամբ առաջարկվում է սահմանել լիցենզավորվող գործունեության համապատասխան տեսակների համար օտարերկրյա իրավաբանական անձանց՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում թույլտվության տրման կարգ՝ հիմք ընդունելով օրենքի պահանջները։ Արդյունքում, ակնկալվում է օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը տրամադրել առավել պարզեցված ընթացակարգով:
Հաստատվել են հետևյալ կարգերը՝ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից փոստային կապի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրման, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության, օտարերկրյա պետություններում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածքում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվության, օտարերկրյա իրավաբանական անձանց երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման, օտարերկրյա իրավաբանական անձանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման։