Բաժիններ՝

Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետը համալրեց Հայաստանի ԳՄ անդամների շարքերը

Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը, որը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, հունվարի 18-ին դարձավ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ և գրական վաստակի համար ՀԳՄ մեդալի արժանացավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ ծանոթացել է հեղինակի «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքին, որում բազմաթիվ հարցերի պատասխաններ է գտել: «Սա հրաշալի գիրք է, և ես զարմացած եմ, որ գրված է համահայկական միջավայրում, սակայն գիտական աշխատանքներին պատշաճ չեն արձագանքել: Մենք կարծում ենք՝ ճանաչում ենք մեր սփյուռքահայ ստեղծագործողներին, սակայն բացթողումներ են լինում: Կան մեծանուն ստեղծագործողներ, սակայն նրանց անուններն ու ստեղծագործություններն այնքան էլ տարածված չեն»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանն ավելի քան 70 աշխատությունների հեղինակ է: Ըստ Միլիտոնյանի՝ նա մեծ ներդրում ունի հայ գրական, մշակութային, հոգևոր ասպարեզների զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա էր Մարոկկոյում և Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, որի միջնորդությամբ կազմակերպվել էր պարգևատրման արարողությունը: Դեսպանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս հանդիպել է Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանի հետ, և միշտ հիացել է նրա գիտական հետազոտություններով ու զարմացել, որ նման բարձրակարգ մտավորականը հայաստանյան շրջանակներում այնքան էլ հայտնի չէ: «Հենց դա ինձ մղեց փորձել այստեղ ծանոթացնել նրա կատարած վիթխարի աշխատանքին: Նա մեն-մենակ մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել: «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» հաստափոր հատորը նրա լայնածավալ գործունեության պերճախոս վկայությունն է»,-ընդգծեց Փոլադյանը՝ բեղուն գործունեություն մաղթելով Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանին, որի մի շարք գրքերի հրատարակմանն աջակցել է Գրիգոր Ջաբուրյանը:

Ջաբուրյանն իր պարտքն է համարում հայ գրականության, հայ մշակույթի զարգացմանն իր ուժերի ներածին չափով աջակցելը: Կարծում է՝ հայոց լեզուն, որը ճկուն ու ճարտար է, պետք է պատշաճ ներկայացվի դպրոցներում, բուհերում, այլ ուսումնական հաստատություններում: «Շատ հարուստ լեզու ունենք, մեր գիրն ու գրականությունը մեր ազգի ժառանգությունն են, այնպես որ պետք է տիրապետենք մեր լեզվին ու ներկայանանք բոլոր ոլորտներում: Որպես հայ իմ պարտքն եմ համարում հայ ազգին օգտակար լինելը»,-նշեց նա:

Գրողների միության անդամակցության քարտն ու ՀԳՄ շքանշանն ստանալուց հետո Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը խոստովանեց, որ հուզված ու քաջալերված է և առավել եռանդով աշխատելու, գործելու պատասխանատվություն է զգում:

Որպես աստվածաբան և եկեղեցապատմագետ նա մի շարք աշխատություններ է գրել տարբեր թեմաների մասին: «Հատկապես ներկայիս իմ սիրանյութն է, նոր բառ եմ ասում, որը պետք է հաճախ գործածել, Մարիամ Սիրամոր, որը կրկին նոր բառ է, որը արդեն գրականություն մեջ է մտնում, մասին գրելը: Ես մարիամաբան, մարիամագետ եմ, այսինքն՝ մեր մատենագրության մեջ, մեր Սուրբ հայրերի և հոգևոր մատենագիրների շրջանում փնտրում, ուսումնասիրում եմ Տիրամոր մասին գրություններն ու համարձակվում եմ ասել, որ մեր ազգը մարիամական, մարիամասեր է»,-ասաց Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը:

Նա նշեց՝ մեր մատենագրության մեջ ճառերը, շարականները անթիվ են ու մեկը մյուսից գեղեցիկ են, բայց մոռացության են մատնված՝ ինչո՞ւ, չգիտի:

«Պեղել եմ հայ աշխարհիկ բանաստեղծությունների ստեղծագործություններ և անակնկալի կգաք, որ ասեմ՝ գրեթե չկա հայ բանաստեղծ, որը գոնե մի քառյակ կամ տուն գրած չլինի Աստվածամոր մասին: Այդ մասին երկու աշխատություն արդեն հրատարակել եմ, որոնցով անդրադառնում եմ աշխարհիկ հայ բանաստեղծների՝ Տիրամոր (սիրամոր) մասին գրած գործերին: Այդ գրողներից են Դանիել Վարուժանը, Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանը, ֆրանսահայ Բյուզանդ Թոփալյանը, Միսակ Մեծարենցը և այլք»,-ասաց Տեր Հայրը:

Նա շեշտեց, որ «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքում մի քանի գլուխ է նվիրված Տիրամորը: Վարուժանի նամակներում, քառյակներում ակնհայտ է Տիրամոր՝ հզոր բարեխոսի ներկայությունը: «Իմ խնդիրն է Տիրամորը նվիրված անդրադարձները ներկայացնել հանրությանը. չեմ ցանկանում մարդու մասին գրել: Առաջիկայում պետք է հրատարակեմ մարիամագիտական մի հատոր՝ Տիրամայրը հայ բանաստեղծության մեջ, Տիրամայրը հայ մատենագրության մեջ, Տիրամայրը Սուրբ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու գործերում»,-շեշտեց Տեր Հայրը:

Նա հայ ժողովրդին հորդորեց չվհատվել՝ վստահեցնելով, որ ծանր ժամանակները կանցնեն, պետք է ապավինել Աստծո զորությանն ու խնդրել Տիրամոր բարեխոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս