«Բոլոր ինդիկատորները ցույց են տալիս, որ, այսպես կոչված, հայկական խաչմերուկը՝ Սյունիքը, դառնալու է շատ լուրջ բանակցությունների և պատերազմի առարկա»․ Աբրահամ Գասպարյան
«Մենք կատարել ենք պատմական ամենասխալ որոշումը՝ հրաժարվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի պատմական որոշումից, որով Արցախը վերամիավորվում է Մայր Հայաստանին»,- հունվարի 16-ին «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ բոլոր պնդումները, թե մարտավարական կամ ռազմավարական խնդիրներ են փորձել լուծել այդ քայլով, արդեն երկրորդական են․
«Մենք մեր բոլոր խնդիրները սկսեցինք հենց այդ որոշումը փոխակերպելով և տրանսֆորմացիա ապրելով և դա բերելով ինքնորոշման իրավունքի դաշտ, ինչն իր հետ ծնեց բավականին բարդություններ։
Ես կարծում եմ, որ մենք այսօր ունենք շատ կարևոր 1 խնդիր, խոսքը հայկական ռեսուրսների ինվենտարիզացիային է վերաբերում։ Հայությունն ունի՞ մոտավորապես պատկեր՝ պատերազմական շրջանում ի՞նչ ռեսուրսներ ունենք, թե՞ ոչ։ Որպես քաղաքագետ՝ դեմ եմ այս օրերին տարվող այն համեմատություններին՝ դե գիտեք ինչ, 1988-ին էլ ոչ մի բան չունեինք․․․ 1988-ի աշխարհը լրիվ ուրիշ աշխարհ էր, այսօրվա աշխարհը լրիվ ուրիշ տրամաբանությամբ է առաջնորդվում, որովհետև մենք չունենք 1 գլխավոր բան, ինչը մեր թշնամին ունի։ Խնդիը միայն տեխնոլոգիական զարգացմանը չի վերաբերում, խնդիրը չի վերաբերում պատերազմի դաշտում հաջողություն կամ ձախողում գրանցելուն, խնդիրը վերաբերում է գաղափարական կենտրոնացվածությանը։
Հայությունն այսօր չունի որևէ միասնական մոտեցում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի կամ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ․․․»։
Իսկ թե ո՞րն է Արցախը հայկական պահելու առաջին նախապայմանը՝ Աբրահամ Գասպարյանն ասաց․
«Արցախը հայկական պահելու առաջին նախապայմանը գաղափարական և ինստիտուցիոնալ կոնսոլիդացիան է։ Պետությունն այսօր չի աշխատում ոչ մի տեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում․․․
Շատ կարևոր է մեկ բան. Արցախի պետական համակարգը պետք է արդիականացվի, սա ընդունում ենք ի գիտություն, և այդ արդիականացումը, կառավարման նոր մոդելը, որ պետք է մտցվի, պետք է Արցախը դարձնի ավելի մրցունակ և ավելի պաշտպանված՝ ադրբեջանական ամեն վայրկյան սպասվող հարձակումից։ Պատերազմ, այո՛, լինելու է, և լինելու է, որովհետև մենք ուզենք, թե ոչ, պետք է մի փոքր մեր շրջահայացությունն ավելացնենք և տեսնենք, թե հարևան երկրներում ինչ են մտածում այս ամենի մասին։
Մի փոքր եթե վերանանք մեր այս երազկոտությունից և թմրեցրած վիճակից, որ իշխանական մեդիան ներարկում է ամբողջ հայկական իրականություն։ Իրանում ի՞նչ են մտածում, և հեղափոխության պահապանների կորպուսում կան հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են բացառապես միջանցքների հարցով։ Մի հատ փորձենք հասկանալ, թե իրենք ինչ են մտածում, մի հատ տեսնենք՝ Թուրքիայի մինչև 2030 թվականի ռազմավարությունում Հայաստանի և հայկական իրականության հետ կապված ինչ կանխատեսումներ ունեն, նույնը վերաբերում է Ադրբեջանին։
Բոլո՛ր, թե՛ ռեգիոնալ, թե՛ միջազգային ինդիկատորները, ցուցիչները ցույց են տալիս, որ, այսպես կոչված, հայկական խաչմերուկը՝ Սյունիքը, դառնալու է շատ լուրջ բանակցությունների և պատերազմի առարկա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում