Եթե մենք այսօր խելքի չգանք՝ մեր տեսակը փրկելու համար, կվերանանք. Բարսեղ Թումանյան

Մեկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:

Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը՝ երեխաներ, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ արտերկրում հայ մտավորականների լռությունն այս հարցի վերաբերյալ այսպես է բացատրում՝ ոչինչ չի փոխվի, անգամ, եթե գնաս, հասնես այնտեղ:

«Անարդար և կեղտոտ քաղաքական հարց է: Մտավորականներին պետք է հանգիստ թողնեն: Մտավորականների ֆունկցիան երկրի քաղաքակրթական զարգացման համար է, իսկ այդ հարցում չեն «օգտվում» մտավորականներից: Մտավորականը առանց որևէ մեկի իմանալու՝ գնում, անում է այդ ամենը: Եթե սոցիալական իմ էջում գրեմ, բարձրաձայնեմ մամուլում, ստացվում է, որ ինքս ինձ ցուցադրում եմ, կեղծ հայրենասեր եմ: Իրականության ակունքները գիտե՞ք, թե որտեղից են գալիս. մեր տգիտությունից և էգոիզմից: Երբ թուրքերենը սկսեցին մտցնել դպրոցներ, միանգամից ելույթ ունեցա՝ ասելով, թե ինչի՞ համար: Թե բա՝ թշնամու լեզուն պետք է իմանալ:

Կարդացեք նաև

Փոխանակ իմ լեզուն զարգացնեմ, ընկնեմ թշնամու լեզո՞ւն սովորեմ. որ ի՞նչ: Մեր թշնամին մեր տգիտությունն է, դրա համար էլ մեր լեզուն չենք սովորում: Դրանից հետո, երկրորդ լեզուն այն է, որով ամբողջ աշխարհում են շփվում: Նույն թշնամուդ հետ կարող ես և անգլերենով շփվել: Եթե մասնագիտությունից ելնելով է անհրաժեշտ, ապա կա ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Բուհերում կարող են բացել նաև 20 ավելորդ տեղ, որպեսզի ունենանք մասնագետներ: Առանց դրա էլ թուրքական կլկլոցները տարիներով տարածեցին, հիմա մնում է թուրքերենը սովորենք ու պրծնենք: Հայաստանը 75 տոկոսով ողողված է ադրբեջանական մշակույթով: Այս մասին, որպես մտավորական՝ անընդհատ բարձրաձայնում ենք, չի անցնում, ուր մնաց՝ Բերձորի միջանցքի հարցը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց օպերային երգիչը:

Բարսեղ Թումանյանը կարծում է՝ պետք է թշնամու գործած բոլոր հանցանքների համար դատարան դիմել, ավելին, նրա խոսքով, պետք է բազում փաստեր, գրքեր տպագրվեն, ոչ թե մի քանի բրոշյուր:

«Այդ փողերը կան: Եկեղեցին էլ ունի ավելորդ ռեզերվ, որ կարող են օգտագործել քաղաքականության համար: Մինչև այս ամենը համաշխարհային մակարդակով՝ լրացված փաստաթղթերով չներկայացվի, ոչինչ չես կարող անել: Ադրբեջանն այդպես է աշխատում: Հայը պետք է իր տեսակի վրա աշխատի: Եթե մենք այսօր խելքի չգանք՝ մեր տեսակը փրկելու համար, կվերանանք»,- եզրափակեց Բարսեղ Թումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս