Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» անվամբ հայտնի շենքը, որը 1930թ. բռնագրավվել էր թուրքական պետության կողմից, 92 տարի անց կվերադարձվի հակական «Սանասարյան» հիմնադրամին: Այս մասին հայտնում է թուրքական t24-ը:
Թուրքական Sözcü թերթի հաղորդած տեղեկության համաձայն էլ շենքի սեփականության իրավունքի փոփոխության հարցով Պոլսո Հայոց պատրիարքարանը դատարան է դիմել դեռևս 2011թ.: Պատրիարքարանի բողոքի հիման վրա Գերագույն դատարանի 1-ին քաղաքացիական պալատը 2017թ. բեկանել է դատարանի որոշումը: Սակայն առարկությունից հետո պալատի բեկանված որոշումը կրկին հեռացվել է, իսկ ընդդեմ Պատրիարքարանի դատարանի վճիռը մնացել օրինական ուժի մեջ։
Այնուհետև «Սանսարյան» հիմնադրամը այս փաթեթը ներկայացրել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում է ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար։ Դիմումում փաստարկվել է, որ 1952 թվականին նահանգային իշխանության կողմից կատարված գրանցումը համարվում է ապօրինի գրանցում, քանի որ այն հիմնված չի եղել դատարանի որևէ որոշման վրա։
Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունելի է, խախտվել է Սահմանադրության 35-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, և որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարություն։
Հայ անվանի վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանը Ստամբուլի Սիրքեջիում գտնվող իջևանատունը 1889թ. գնել էր Էրզրումում (Կարին) իր կողմից 1881 թվականին հիմնված Սանասարյան վարժարանի համար եկամուտ ապահովելու համար։ Իջևանատան գնմամբ ստեղծվել է «Սանսարյան» հիմնադրամը։
1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերից հետո Էրզրումում գործող վարժարանը փակվել է, վարժարանի փակվելուց հետո բռնագրավված իջևանատան շենքը 1920 թվականին վերադարձվել է Հայոց պատրիարքարանին։ Այնուհետև Թուրքիայի կառավարությունը 1930 թվականին շենքը վերջնականապես բռնագրավել է:
Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք: