Դիմակները վայր են ընկել, պարոնայք. Արցախը հստակ ասել է՝ չի լինելու Ադրբեջանի կազմում. Արմեն Ռուստամյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների նախագծի վերաբերյալ արտահայտած մոտեցումներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց.
«Դիմակները վայր են ընկել, պարոնայք, որովհետև այլևս թաքցնել այն իրողությունը, որ գոյություն ունի՝ անհնար է։ Իսկ իրողությունը, որ ամեն օր աշխատելու է մեր դեմ, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության, հետևյալն է՝ առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքորոշումների խզում Հայաստանի ու Արցախի միջև։ Ստեփանակերտն ու Երևանը տարբեր նպատակներ են դրել, սա ակնհայտ է։
Ակնհայտ է նաև այն, որ հենց այդ խզման պատճառով հայկական աշխարհը բաժանվել է երկու մասի, մի մասը պայքարում է Արցախի հետ միասին՝ Արցախի ժողովրդի հետապնդած նպատակների համար, մի մասը հրաժարվել է այդ պայքարից։ Կարող եք ասել, որ մենք էլ ենք պայքարում, բայց ոչ, լինել պայքարի մասնակից, նշանակում է ընդունել այդ պայքարի նպատակը։ Այդ նպատակն արցախահայությունը հստակ է ամրագրել, ոչ միայն Սահմանդրությամբ, այլև բոլորովին վերջերս տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներով։ Եվ դրանից է ծագել նաև այս իրավիճակի սրումը։ Արցախը հստակ ասել է, որ չի ապրելու Ադրբեջանի կազմում։ Եթե այստեղ որևէ մեկը կա, որը մտածում է, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է գոյատևել, ապա Արցախը հստակ գիտի՝ դա աբսուրդ է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում