Բաժիններ՝

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել կոռուպցիայի կասկածանքի պատճառով

Եվրախորհրդարանի (ԵԽ) մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար, բելգիացի Մարի Արենան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ եվրոպական ԶԼՄ-ներում իր հասցեին կասկածանքներ են հայտնել Կատարի հետ կապված կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Մարի Արենան իր հրաժարականի մասին հայտարարել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ եվրոպական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Կատարը վճարել է դեպի այդ երկիր նրա թանկարժեք ավիաթռիչքների և բարձրակարգ հյուրանոցներում իջևանելու համար:

Ինչպես նշում է բելգիական RTBF հեռուստաալիքը, եվրապատգամավորը ժխտել է իր մասնակցությունը կոռուպցիոն սկանդալին և պնդել, որ հեռանում է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարի պաշտոնից՝ «իր բարի անունը և իր աշխատանքի արդյունքները պաշտպանելու նպատակով»։

Ընդ որում, Մարի Արենան չի հանձնել Եվրախորհրդարանի պատգամավորի իր մանդատը՝ հույս ունենալով այս կերպ ավարտին հասցնել իր հնգամյա ժամկետը։ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ Եվրախորհրդարանում կոռուպցիոն սկանդալ էր առաջացել դեկտեմբերի 9-ին, երբ Բելգիայի ոստիկանությունը տասնյակ խուզարկություններ կատարեց Բրյուսելում և ձերբակալեց չորս մարդու, ներառյալ Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիին:

Բելգիայի դատախազությունը հայտնել է, որ հետաքննությամբ անցնող անձանց «կասկածում են այն բանում, որ նրանք խոշոր գումարներ են վճարել կամ մեծ նվերներ առաջարկել երրորդ անձանց, ովքեր զբաղեցնում են քաղաքական և (կամ) ռազմավարական դիրք, որը հնարավորություն է տալիս ազդեցություն գործել Եվրախորհրդարանի որոշումների վրա»:

Դրա նպատակն է եղել 2022 թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին բարելավել Կատարի հեղինակությունը ԵՄ-ում: Կասկածյալների թվում կան շատ իտալացիներ՝ ինչպես ներկա, այնպես էլ նախկին պատգամավորներ:

Շփումների կազմակերպման գործում քննիչներն առանցքային դեր են վերագրում Անտոնիո Պանցերիին, որը եվրապատգամավորի պաշտոն է զբաղեցրել 2004-ից մինչև 2019 թթ.:

Նա սկզբում ընտրվել էր ձախ կենտրոնամետ կոալիցիայից, իսկ հետո՝ Դեմոկրատական ​​կուսակցությունից։ Սկանդալը ծանր հարված էր Եվրախորհրդարանի հեղինակությանը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ներկայացրել Է Եվրախորհրդարանում կոռուպցիան արմատախիլ անելու ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս