Անթույլատրելի է մարդկանց առողջության վատթարացումը՝ քաղաքական ինչ-ինչ պատճառով.հարցը պետք է պարտադիր շտապ լուծվի և ճանապարհը բացվի. Տաթևիկ Հովակիմյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Առողջությունն ունիվերսալ իրավունք է, որի իրավունքն ունի երկիր մոլորակում ապրող յուրաքանչյուր անձ, և որևիցե պատճառով և իրավիճակում անթույլատրելի է մարդկանց առողջության վատթարացումը՝ քաղաքական ինչ-ինչ նպատակների պատճառով: Բնականաբար, մարդկանց առողջությունը շատ լուրջ տուժում է այս բլոկադայի արդյունքում, քանի որ պատշաճ բուժօգնություն անհնար է հասցնել նմանատիպ իրավիճակներում: Հարցը պետք է պարտադիր և հնարավորինս շտապ լուծվի և ճանապարհը բացվի, քանի դեռ հումանիտար աղետը ծանրագույն վնասներ չի հասցրել մեր ժողովրդին, 120.000 հոգուն, ովքեր Արցախում են բնակվում»,- մեզ հետ զրույցում ասաց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը:

Մեր զրուցակիցը նշեց՝ թշնամու այս սադրանքի և ստեղծված իրավիճակի մասին փորձում է հնարավոր բոլոր ուղիներով տեղեկացնել իր արտասահմանցի գործընկերներին:

«Չէի ասի, որ սա հարցի լուծման շատ էֆեկտիվ ճանապարհ է: Յուրաքանչյուրն իր առօրյա հոգսերով է զբաղվում, և շատ քիչ են այնպիսիք, որոնք իսկապես ի վիճակի են ապրումակցել և առավել ևս քայլեր ձեռնարկել: Սակայն, մյուս կողմից էլ, աշխարհով մեկ տեղեկատվությունը տարածելը չափազանց կարևոր է, որպեսզի համապատասխան ատյանները տեսնեն խնդիրը և հնարավորության դեպքում լուծումների ճանապարհներ առաջարկեն: Աշխարհը լուռ է. կարծում եմ, մենք լուրջ փոփոխությունների ժամանակաշրջանում ենք ապրում: Ամբողջ աշխարհը տեկտոնիկ շարժումների մեջ է գտնվում, վերաձևման, վերակառուցման փուլով ենք անցնում, և յուրաքանչյուրը մտահոգված է իր իսկ խնդիրներով, և սա պատճառ է դառնում, որ առայժմ չեն միջամտում: Զարգացած, դեմոկրատ երկրները, որոնք ամբողջական կոնվենցիաներ ունեն՝ գրված մարդու իրավունքների վերաբերյալ, թերևս, առայժմ չեն կարողանում կամ չեն ցանկանում միջամտել, քանի որ շատ զբաղված են լրջագույն խնդիրներով՝ կապված աշխարհի վերաձևման հետ: Պատմությունը ցույց է տվել, որ մենք՝ հայերս, ուժեղացել ենք միայն այն դեպքում, երբ հույսը մնացել է մեզ վրա: Կարծում եմ՝ այս անգամ էլ կիրառելի կլինի: Մենք պետք է ջանանք անել մաքսիմալը, ապա նոր աշխարհից պահանջենք աջակցություն և միջամտություն: Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ մեր ճակատագրի առաջնահերթ պատասխանատուն ինքներս ենք, ապա նոր՝ ամբողջ աշխարհը»,- եզրափակեց սրտաբանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ 29 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ:

1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս