Ավելին չէի կարող խնդրել
«… Քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե արդեն, որ ունեք այդ բոլորի կարիքը»։
Մատթեոս 6:32
Անգլերենում մի արտահայտություն կա, որը շատ եմ սիրում՝ «Couldn’t ask for more»` եթե բառացի թարգմանենք՝ ավելին չէի կարող խնդրել։ Նշանակում է՝ լինել ծայրահեղ երջանիկ ու շնորհակալ այն ամենի համար, ինչ կա և ավելիի ակնկալիք չունենալ։
Սիրում եմ բոլոր այն օրերը, երբ կարող եմ ասել՝ «Couldn’t ask for more»։ Չէի կարող խնդրել ավելին, որովհետև Նա, ով տալիս է, ով խնդրանքն իրականացնողն է՝ գիտի՝ մենք ինչի կարիք ունենք, ինչի կարիք ունի մեր հոգին՝ առանց խնդրելու անգամ, առանց բարձրաձայնելու։ Ես կարիք ունեի հոգևոր գեղեցիկ ապրումների՝ ծննդյանս օրը՝ լիցքավորվելու ու արևի շուրջ իմ սեփական պտույտը նորից սկսելու համար։ Որոշ մարդիկ տարվա սկիզբն Ամանորն են համարում, իսկ ես այն մարդկանցից եմ, որն իրենց տարին սկսում են ծննդյան օրից։ Համարում եմ, որ մարդու ծննդյան օրը բացվում են Երկնքի փայլուն դարպասները, ու մարդն առավել լսելի է դառնում վերևում։ Ինչ շշնջա, դա էլ կտրվի նրան, ինչ խնդրի՝ դա էլ կգա։ Իսկ ի՞նչ եք խնդրում դուք։
Վերջին տարիներին, հատկապես 2020-ի պատերազմից հետո չեմ կարողանում ծննդյանս օրը աղմուկով, շատ հյուրերով, մեծ խնջույքով նշել, թեև գրեթե ողջ կյանքիս ընթացքում հենց այդպես էլ տոնել եմ տարեդարձս՝ գերուշադրության ու սիրո մեջ։ Հիմա իմ փնտրտուքներն ինձ այլ տեղ են տանում՝ ես հոգևոր ընծաներ եմ փնտրում, հատկապես ծննդյանս օրը։ Նշաններ եմ փնտրում՝ փայլող աստղեր, որոնք կուղղորդեն ինձ ողջ տարվա ընթացքում։
Վերջերս, երբ մոտենում էր տարեդարձս, ամուսնուս հետ քննարկում էինք՝ ինչպես տոնենք։ Ես մինչև նախավերջին օրը վստահ չէի՝ ինչ եմ ուզում անել։ Վախենում էի, որ ինչ էլ անեմ՝ կլինի անշուք և անկարևոր։ Մեջս անհարմարություն ու կռիվ կար՝ ինչո՞ւ չկազմակերպել մեծ խնջույք, ախր արժանի եմ, արժանի եմ զգալու, որ սիրված եմ, ընդունված, որ ընկերների պակաս չունեմ, որ ես կամ, կամ, կամ։ Մարդու հավերժական ձգտումը նշանակալի զգալու այլ մարդկանց համար․․․ Որոշեցի, որ ծննդյանս օրը իմ ամենասիրելի մարդկանցից միայն երեքի հետ կգնամ քաղաքից դուրս՝ Ազատի ջրամբար։ Երբեք այդտեղ չէի եղել, բայց գիտեի՝ աստվածային գեղեցկություն ունեցող տեղ է։ Չսխալվեցի։ Տեղ հասնելուն պես բացվեց անպատմելի չքնաղ մի տեսարան։ Հրաշալի, ջերմ ու արևոտ եղանակ, մի բան, որ վերջին տարիներին չէր եղել տարեդարձիս օրը։
Արևը շողարձակում էր ջրի մեջ, ձկնորսները միայն իրենց բնորոշ խաղաղությամբ ձուկ էին որսում, և մի այնպիսի լռություն էր շուրջս, որը վերջին անգամ Գանձասարում էի զգացել, տարիներ առաջ։ Ես այդ լռության և այդ արևի կարիքն ունեի։ Ես կարիք ունեի ձեռքերս հպելու հողին, կարիք ունենայի զգալու սարերից եկող քամին, տաքանալու աշնան արևից, մոտ լինելու ջրին, զգալու, որ ես բնության մի կտորն եմ միայն, Աստծո մի շունչը։ Այստեղ եմ, որ արտացոլեմ տեսածս, այստեղ եմ, որ իրերի լեզվով պատմեմ Նրա ամենաչքնաղ մտահաղացումների մասին, այստեղ եմ, որ ներդաշնակության ուղիները փնտրեմ ու գտնեմ, այստեղ եմ, որ Տերը իմ աչքերով հիանա Իր ստեղծածով, իմ ձեռքերով հպվի Իր տարերքներին։
Տարեդարձիս օրը ոչ մի պահ չկարողացա կտրվել ներկայից, գնալ ապագա կամ անցյալ վերադառնալ, կամ թեկուզ մի երազանք պահել։ Ես իմ երազանքի մեջ էի, որովհետև զգում էի՝ ինչ նշանակություն ունեմ ես ոչ միայն մարդկանց, այլ Աստծո համար։ Իմ տարեդարձն Ինքն էր կազմակերպել, Ինքն էր ինձ նվիրել այդ օրը, որի ընթացքում մի միտք էր պտտվում գլխումս՝ ավելին, ավելին չէի էլ կարող խնդրել։
Այն հոգևոր ապրումները, որն ունեցա այդ օրը, բավարար էին լիցքավորվելու ամբողջ տարվա համար, իմանալու՝ դեպի ուր պիտի շարժվեմ և ինչ պիտի անեմ։ Երկնքի բացված փայլուն դարպասներից ներս լսվում էր իմ մեն մի շշնջոցը՝ երախտապարտ եմ։
Երախտապարտ եմ, որ հոգ ես տանում, երախտապարտ եմ, որ լսում ես, որ ընծաներդ այսքան շատ են ու այսքան մեծ, երախտապարտ եմ, որ շնորհներդ առատ են, որ սերդ ամեն անկյունում է, որ գիտես՝ ինձ ինչ է պետք՝ առանց խնդրելու։ Եվ թե մի խնդրանքի ու երազանքի հնարավորություն ունեմ՝ կատարելագործի՛ր ինձ, կատարելագործի՛ր, մաքրի՛ր ինձ, լվա՛ ինձ, թրծի՛ր ինձ, ամրացրո՛ւ ինձ, հզորացրու ինձ, խոնարհեցրո՛ւ ինձ, որ արժանի լինեմ Քեզ ու ընծաներիդ։ Միշտ՝ բոլոր տարիներիս այս երկրի վրա։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ