
Արցախցի 4 ամսական երեխան վերակենդանացման բաժնում է. Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ պահելու պատճառով չեն կարողանում տեղափոխել Երևան

Արցախում 4 ամսական երեխային, ով վերակենդանացման բաժանմունքում է, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից ճանապարհը 8 օր է՝ փակ պահելու պատճառով չեն կարողանում Երևան տեղափոխել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի բժիշկ Հասմիկ Վերդյանը:
«Լեյշմանիոզ հիվանդություն ունի երեխան, տեղափոխել չենք կարողանում, սակայն կապի մեջ ենք Երևանի բժիշկների հետ ու բուժումն իրենց հետ իրականացնում ենք: Այդ հիվանդության բուժումն առաջին անգամ ենք սկսել, որովհետև միշտ ուղարկում էինք Երևան: Երեկ առաջին դոզան ստացել է երեխան, վատ չի տարել:
Հիշեցնենք՝ 8 օր է, ինչ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ:
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին: