«Ոչ մի բան հարկավոր չի, էնքան որ, խոխաս գա հասնի տուն, սա մեր հողն է, այստեղ էլ մնական եմ, իմ երեխոցը հետ»․ արցախցի փոքրիկը Գորիսում է, ընտանիքը՝ Արցախում
«Արդեն 1 շաբաթ է, մեր աղջկան չենք տեսել, կարոտում ենք, ուզում ենք ճանապարհը շուտ բացվի, գա հասնի մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Աղավնի Բալասանյանը, որ դեկտեմբերի 12-ից գտնվում է Արցախում՝ շրջափակման մեջ։
Երեք երեխաների մայրը պատմեց, որ 14-ամյա Մարիանան՝ իրենց մեծ աղջիկը, դեկտեմբերի 10-ին երեխաների 18 հոգանոց խմբի հետ Արցախից եկել էր Երևան՝ «Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելու, սակայն միջոցառման հաջորդ օրը, երբ վերադառնում էին տուն՝ թշնամին ճանապարհը փակեց։
«Մեզ ասացին, որ Հանրային հեռուստաընկերությունն է ֆինանսավորել, որ արցախցի լավագույն երեխաները, որոնք տարբեր բնագավառներում հաջողություններ են ունեցել, ներկա լինեն Եվրատեսիլին։ Մեկը՝ սպորտի բնագավառում, մյուսը՝ այլ բնագավառում, Մարիանաս ձյուդոյի է գնում և այդ ոլորտում է հաջողություններ գրանցել։
Գնացին, մասնակցեցին այդ միջոցառմանը, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, զանգեց, ասեց՝ մամա, դուրս ենք գալիս։ Հետո զանգում էի, չէր պատասխանում, անհանգիստ էի, մեկ էլ sms գրեց, թե` մամ, ճանապարհը փակվել ա, մնացել ենք այստեղ։ 6 ժամ այդպես մնացել են մեքենայի մեջ, հետո իրենց հետ եղած երեխաների ծնողներից զանգել են Գորիսի հյուրանոց, ասել են՝ երեխաները մնացել են ճանապարհին, ձեզ մոտ տեղավորեք, մինչև ճանապարհը բացվի։ Մինչև այս պահը Գորիսում են․․․
Ասում է՝ օրս լավ է անցնում, թատրոն են տանում, համերգ են տանում։ Տարբեր խաղեր են կազմակերպում, որ իրենց օրը հագեցած անցնի, չմտածեն ճանապարհի մասին, մինչև խնդիրը լուծվի։ Ասում է՝ մամա, ես ուզում եմ տուն գամ, ասում եմ՝ հես ա ճանապարհը կբացվի, կգաս։ Բայց դեռ լուր էլ չունենք ճանապարհի բացվելուց։
Շատ վատ եմ տանում այս ամենը, հատկապես, որ երեխես կողքիս չի, սաղ օրը մտածմունքների մեջ, սաղ օրը լաց եմ լինում։ Ազգի բոլոր երեխեքն էլ մեր երեխեքն են, բոլորի մասին էլ մտածում եմ, բայց, որ սեփական երեխան է, պատառ ուրիշ ձև ես լինում․․․»։
Արցախցի կնոջը հարցրեցինք՝ ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս են պատկերացնում, արդյոք ճանապարհը բացվելուց հետո կշարունակե՞ն ապրել իրենց հայրենի հողում։
«Ես տեղ չունեմ գնալու, որտե՞ղ գնամ, ես մտադիր չեմ այլ երկրում գնամ ապրեմ, սա մեր հողն է, այստեղ էլ մնական եմ, իմ երեխոցը հետ, նաղդի պլան չունիմ վեչ մի ձևի, որ ստեղան դուրս եմ գալու։
Թող խաղաղություն լինի, բոլոր երեխաները առողջ լինեն, ուրախ ապրեն։ Ամենակարևորը՝ խաղաղություն լինի մեր հայ ազգին։ Ոչ մի բան հարկավոր չի, էնքան որ, խոխաս գա հասնի տուն»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Թշնամին դեկտեմբերի 13-ին էլ դադարեցրել էր դեպի Արցախ գազամատակարարումը։ Այն վերականգնվել է միայն երեկ առավոտյան։