«Օրինաչափ է՝ Արցախն ազատագրողները, Նիկոլի իրականության մեջ չպետք է լինեն». Աննա Մկրտչյան

Արդեն չորրորդ օրն է՝ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000-ից ավելի արցախցիների համար: Այն պահին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանատների մոտ Արցախի Հանրապետության անկախության տարիների Մարդու իրավունքների 4 պաշտպանները բողոքի ակցիա էին անցկացնում,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում  շարունակվում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Հիշեցնենք՝ այս գործով որպես մեղադրյալ  ներգրավվել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արցախը ճգնաժամի եզրին է, իսկ Արցախն ազատագրողը՝  դատարանում. 168.am-ի այս դիտարկմանը դատարանի բակում արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ ամեն բան օրինաչափ է. «Երբ ՀՀ կենտրոնում թուրքն է վեր ընկել ու հայտարարում է՝ մենք կարող ենք իրեն ազատորեն թուրք ասել, բնական է՝ Արցախն ազատագրողները, Հայաստանն անվտանգ պահողները, ներքին կայունություն ապահովողները Նիկոլի իրականության մեջ չպետք է լինեն»:

Անդրադառնալով այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը՝ պատգամավորը շեշտեց՝ խոսքը միայն հումանիտար աղետի մասին չէ:

Կարդացեք նաև

«Նիկոլը Հայաստանն ու Արցախը բերել, կանգնեցրել է անդադար պատերազմի իրականության մեջ: Այսօր կառավարության նիստ կոչվող այդ խմբավորման շրջանակներում էլի ինչ-որ մարդկանց է պարտավորությունների կոչ արել. մենք մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի այս շենքում, ու այս շենքում պետք է լինի իր դատավճիռը լսելու պայմանով: Մեր փրկության ճանապարհը սա է: Իսկ ՀՀ քաղաքացիների ուշադրությունը շեղելու, Հայաստանի և Արցախի հերոսներին որևէ կերպ այս պրոցեսներից դուրս թողնելու փորձերն իրեն չի հաջողվելու: Քանի տարի է արդեն՝ այս ֆեյքը շարունակվում է»,- պարզաբանեց Աննա Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս