Քերըն Դոնֆրիդը հայտնել է՝ ինչպես է ԱՄՆ-ն օգնում արցախցիներին
Դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու Վաշինգտոնի հնարավորության վրա, այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարողանում է օգնել հակամարտությունից տուժածներին:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներում հանդես գալով որպես վկա:
ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են բախվել հումանիտար սուր ճգնաժամի, այդ թվում՝ նոր հարձակումների սպառնալիքների և ջրի, էներգիայի, առողջապահության և սննդի մշտական պակասի: Նա հարց է ուղղել Քերըն Դոնֆրիդին՝ արդյոք պետքարտուղարության ներկայացուցիչները կարողանում են ճանապարհորդել Լեռնային Ղարաբաղ կամ երկխոսություն պահպանել ԼՂ ընտրված իշխանությունների հետ:
«Մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ սահմանափակված է, ինչն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու ԱՄՆ-ի հնարավորության վրա: Չնայած այդ սահմանափակումներին՝ ԱՄՆ-ն փորձել է օգնել հակամարտությունից տուժածներին, որոնցից շատերը Հայաստանում են: Այնպես որ 21 միլիոն դոլարի մեր մարդասիրական օգնության մեծ մասն ուղղվում է այդ ջանքերին», – նշել է Դոնֆրիդը:
Հստակեցնելով՝ Դոնֆրիդը նշել է, որ պետքարտուղարության կողմից ուղղված միջոցների մի մասը հատկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (2.5 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարվա ընթացքում և 12.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (9 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարում և 3.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում):
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը հավելել է, որ ԱՄՆ զանազան մեխանիզմներ ունի՝ ստուգելու, որ օգնությունը հասնի հասցեատերերին: